Մատչելիության հղումներ

Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են հրահրել թշնամանք, դավադիր պատերազմ և տարածքներ հանձնել․ Փաշինյան


«Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա», - այսօր կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարը ընդգծեց, որ դա համարում է պետական դավաճանությանը նմանվող գործունեություն և ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները այդ դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար․ - «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը․ այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար», - շարունակեց վարչապետը․ - «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Փաշինյանը հայտարարեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին․ - «Իմիջիայլոց, կարծում եմ, հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրուցում անդրադառնալով Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ «ազգադավ» որակեց բոլոր այն գործողությունները, որոնք խարխլում են Հայաստանի ու Արցախի միասնականությունը․ - «Հիմքը մեր անվտանգության, մեր բնականոն զարգացման, դա այդ միասնականությունն է: Եթե այդ միասնականությունը որևէ մեկը խարխլում է, սա անընդունելի է, սա ազգադավ գործունեություն է: Ովքե՞ն են կոնկրետ՝ դա ցույց կտա ժամանակը»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով, նման դավադիր ուժեր են Հայաստանի նախկին՝ կոռումպացված իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի շուրջը համախմբված ուժերը․ - «Դրանք առաջին հերթին Բակո Սահակյանի շուրջը համախմբված ուժերն են, նախագահականում էսօր համախմբված ուժերն են: Այդ մարդիկ են կոռուպցիոն համակարգ ստեղծել, այդ մարդիկ են կոռուպցիոն համակարգը սպասարկել, այդ մարդիկ են անընդհատ շահագործել պատերազմի վտանգը բանակը թալանելու համար, ընդհանրապես երկիրը թալանելու համար: Իհարկե, այդ մարդիկ անգործության են մատնվել նաև Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տարիներ շարունակ, հատկապես 2011-16 թվականներին, ինչի հետևանքը մենք տեսել ենք 2016 թվականի ապրիլին»:

Հայաստանի իշխանություններին իր հրապարակավ աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ըստ «Արցախպրեսի» նա նշել է, թե պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG