Մատչելիության հղումներ

Փաշինյանը կոչ արեց ժամը 13:30-ին վերացնել բոլոր դատարանների արգելափակումը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբության լայվ հեռարձակմամբ և կոչ արեց վերացնել բոլոր դատարանների արգելափակումը՝ 13:30-ին:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ էր արել երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները: Ժամը 12։00-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, ընդգծելով, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:

Խորհրդակցությունից հետո էլ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմեց դատարանների առջև իր կոչով ակցիա իրականացնող ցուցարարներին, պարզաբանելով․ ֊ «Սա միջոց էր ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որ գոյություն ունի անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ, և մենք բոլորս տեսնում էինք, որ Հայաստանում իսկապես ընդդեմ դատական համակարգի տարերային պրոցեսներ են տեղի ունենում և շատ կարևոր էր այդ տարերային պրոցեսների բովանդակային վերափոխումը ի նպաստ Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու և արձանագրելու, որ այդ հարցում ժողովուրդը և կառավարությունը չունեն հակասություն»:

Իր խոսքում վարչապետը ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, ում դատական գործերը հետաձգվել են այսօրվա ակցիայի հետևանքով, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ցուցարարներից այսօրվա ակցիայում աջակցության համար:

«Շնորհակալ եմ շատ, և խնդրում եմ՝ կոչ եմ անում, անպայման ժամը 13:30-ին բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը վերացնել», - եզրափակելով ֆեյսբուքյան հեռարձակումը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG