Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ:
Այդ գործընթացը, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, պետք է արտահայտվի հետևյալում․
«Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին;
երկրորդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից;
երրորդ՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին;
չորրորդ՝ հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը;
հինգերորդ՝ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին: Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»:
Այդ ամբողջ աշխատանքը, վարչապետի հավաստմամբ, պետք է տեղի ունենա միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Տե՛ս նաև այստեղ