Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Օպերայի և բալետի թատրոնի ներկայացուցիչներին


Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր չի ներկայացնի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենին, և այդ պաշտոնը ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրեններից մեկը:

Այս մասին լրագրողներին հայտնեց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել օպերայի և բալետի թատրոնի արտիստները՝ խնդրելու չեղարկել տնօրեն Կոստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանը, ինչպես նաև ազատել Ղարիբյանին զբաղեցրած պաշտոնից:

Թատրոնի մի քանի աշխատակիցներից բաղկացած խումբը վարչապետի հետ հանդիպումից գոհ էր․ փոխհամաձայնության էին եկել մի քանի հարցերի շուրջ:

«Երբ մենք այսօր կստանանք այն օրենքի կետերը, այն խնդիրները, որոնք․․․ նախարարությունը ներկայացրել է պարոն վարչապետին, ցուցակ է մի մեծ: Ներկայացվում է մեզ, մենք գրավոր պատասխանում ենք: Եվ նորից հանդիպում ենք ունենում այդ մեր հակափաստարկներով: Պարոն վարչապետը ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողը անմիջապես կպատժվի, կազատվի աշխատանքից: Եվ վարչապետը շատ կարևոր բան ասեց, որ եթե հետագայում նաև կան օրենքի թերացումներ, դրանք պետք է համատեղ քննարկել և փորձել շտկել», - վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Արզումանյանը:

Նկատենք, որ Կառավարությունում էր այսօր նաև Նազելի Ղարիբյանը: Նա, սակայն, ըստ արտիստների, չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը:

աԱլի վաղ «Ազատության» հետ զրույցում Նազենի Ղարիբյանն ասել էր, որ 2017 թվականին Օրբելյանը խախտումներով է զբաղեցրել տնօրենի պաշտոնը: Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց հավաքված արտիսներից շատերն ասում էին, որ չեն եկել իրավական, քաղաքական հարց քննարկելու, այլ եկել են ներկայացնելու, թե ինչ ստեղծագործական աճ է ապրել թատրոնը Օրբելյանի և՛ տնօրեն, և՛ գեղավերտական ղեկավար աշխատած տարիներին:

«Ազատության» դիտարկմանը, թե իսկ գուցե նոր տնօրենը նույնպես, որի անունը դեռ գաղտնի է պահվում, համագործակցության եզրեր գտնի Օրբելյանի հետ և նպաստի թատրոնի զարգացմանը, մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն արձագանքեց՝ այստեղ անձերի պայքար չի գնում․ - «Գալիս թատրոն տնօրեն, բոլոր կառավարական լծակները իր ձեռքում են: Թատրոնում, ինչքան մենք տեսանք պատմության ընթացքում, դա չի գործում, դա խանգարում է թատրոնի ստեղծագործական կյանքին»:

Օպերայի և բալետի թատրոնի արտիստներին աջակցելու էին եկել նաև այլ թատրոնների ղեկավարներ, արվեստագետներ: Երեկ նրանցից շատերը նույն խնդրանքով բաց նամակ էին գրել վարչապետին: Այստեղ էր Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե արվեսագետներին այսօր մեղադրում են շատ այլ կարևոր խնդիրների ժամանակ լռելու և կրավորական դիրք ընդունելու մեջ, զրուցակիցներս հակադարձեցին՝ իրավիճակ է փոխվել:

«Ժամանակներ են փոխվել, ինչպես ասում են: Եվ մենք վստահ ենք, որ մեր ձայնը կլսեն, որովհետև էն ժամանակ մենք ապրում էին ի վերջո բոլորովին ուրիշ համակարգում, և բոլոր հարցերը լուծվում էին միանձնյա, մի մարդու հրահանգով», - ասաց Արմեն Էլբակյանը:

«Օրենքները դաջված չեն քարին և անհրաժեշտության դեպքում կարելի է փոխել», - կարծում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսայնը, ով իր գործընկեր Աննա Կոստանայնի հետ եկել էր աջակցելու արտիսներին:

«Պետք է հասկանալ ինչ է կատարվում, ինչու է էդպես եղել: Կամ եթե հիմա կա օրենքը փոփոխելու պահանջարկ, ուրեմն պետք է օրենքը փոխել», - ասաց Գորգիսյանը:

«Նախարարին, կարծում եմ, նաև կարիք կլինի հրավիրել Ազգային ժողով՝ Կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողով, որպեսզի պարզաբանում տա», - հավելեց Կոստանյանը:

Օպերայի և բալետի արտիստները խոստանում են այլևս գործադուլի չդիմել: Ապրիլի չորսին կխաղաղ նոր բեմադրված «Կախարդական սրինգը» օպերան: Ներկայացմանը հրավիրել են նաև վարչապետին:

XS
SM
MD
LG