Մատչելիության հղումներ

Օպերային թատրոնի անձնակազմը դատարանում կվիճարկի Օրբելյանի պաշտոնանկությունը


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը մտադիր է դատի տալ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Հրամանն արձակվել է երեկ, սակայն թատրոնում այդ մասին իմացել են միայն այսօր: Օրբելյանի խոսքով, անակնկալ էր, հեռախոսազրույց մինչև այդ չէին ունեցել նախարարի պաշտոնակատարի հետ: Մինչդեռ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի խոսքով, այս թեման արծարծվում է արդեն 9 ամիս:

Ղարիբյանի պնդմամբ, Օրբելյանը միանագամից երեք պաշտոն է զբաղեցնում՝ գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի և տնօրենի, ինչը, Ղարիբյանի խոսքով, օրենքով արգելվում է,

Ավելին՝ Ղարիբյանը պնդում է, որ 2017 թվականին Օրբելյանը խախտումներով է զբաղեցրել տնօրենի պաշտոնը․ - «Ամենաակնհայտ խախտումները երեքն էին: Առաջինը Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի երրորդ հոդվածն է, որով, անկախ այն բանից պաշտոնյաները ընտրում թե նշանակում են, պետական հիմնարկների ղեկավարները, ՊՈԱԿ-ի տնօրենները պետք է պարտադիր կերպով տիրապետեն գրական հայերենին»:

Ղարիբյանի խոսքով, Օրբելյանին բազմիցս խնդրել են հրաժարվել պաշտոններից մեկից, սակայն ապարդյուն: Ղարիբյանը նշեց, որ Օրբելյանը շարունակում է զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Օրբելյանն իր հերթին ասաց, որ ոչ մի տեղ չի գնում, և թվարկեց, թե ինչ ձեռքբերում է ունեցել թատրոնը իր և՛ որպես տնօրեն, և՛ որպես գեղարվեստական ղեկավար աշխատելու տարիներին․ - «Մեկ ու կես տարում մենք այնքան գործ ենք արել, որ շատ թատրոններ չեն կարող: Զրոյից հյուրախաղեր ենք ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում, Դուբայում: Նկատեմ, որ իմ սեփական միջոցներով եմ այդ ամենն արել, պետական փողերից մեկ կոպեկ անգամ չեմ ծախսել»:

«Ազատության» հարցին, թե արդյոք Մշակույթի նախարարությունը որևէ թերացում նկատել է Օրբելյանի աշխատանքում, Ղարիբյանն արձագանքեց՝ խոսելով 92 միլիոն դրամի պարտքի մասին, որ տասնյակ տարիների ընթացքում կուտակել է թատրոնը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ Օպերայի թատրոնը ստացել է ամենամեծ չափով գումարը նախարարությունից, նաև կասկածեց, որ գործուղումներն ու դրանցից ստացած արդյունքը համարժեք է եղել․ - «Իրենք միանվագ տարեկան ստացել են 45 միլիոն դրամ միայն ներկայացումների համար: Բացի դրանից, կան տարբեր ինվեստորներ, որոնք ներդրում են արել․․․ Կոնստանտին Օրբելյանը միայն իր գրպանից չի վճարել: Ես ամիսներ շարունակ իրենցից խնդրում եմ, հանձնարարում եմ և պահանջում եմ՝ ցույց տվեք ինձ այն փաստաթղթավորումը, որով Կոնստանտին Օրբելյանը իր գրպանից վճարել է․․․ Որևէ փաստաթուղթ ինձ երբևէ որևէ մեկը չի ներկայացրել: Եվ այս երկու տարվա իր քսանչորս գործուղումների արդյունքում օպերային թատրոնը գնացել է հյուրախաղերի միայն Դուբայ, Քուվեյթ և Մոսկվա»:

Ի դեպ, այսօր Օպերայի և բալետի թատրոնի դերասանները լրագրողների հետ հանդիպելու միանգամայն այլ առիթ ունեին․ 100 հազար դոլարի արժողությամբ բալետային նոր և թանկարժեք պարագաներ էին նվեր ստացել «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից, որի սեփականատերը, ինչպես պարզեցինք, Օրբելյանի հին ընկերն է՝ Ռաուլ Դյուվալը:

Նվերները ցույց տալ փոխարեն, սակայն, Օրբելյանը ցույց տվեց «Արտավազդ» մրցանակը, որը թատրոնը ստացել էր երկու օր առաջ «Չիպոլլինո» բալետային ներկայացման համար: Օրբելյանը ցավով նշեց, որ թերևս տիկին Ղարիբյանն այդ մասին տեղյակ չի եղել:

Նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի արձագանքն այս ամենին հետևալն էր․ - «Միջազգային որևէ կազմակերպություն ճանաչե՞լ է»:

Թատրոնի անձնակազմը հանդիպման է հրավիրում Նազենի Ղարիբյանին վաղը՝ մինչև «Դիմահականդես» բալետի մեկնարկը: Այսօր տեղեկացանք, որ տիկին Ղարիբյանը վաղը Դիլիջանում է լինելու՝ գործերով: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ նախարարի պաշտոնակատարն այսօր երեկոյան է հանդիպել թատրոնի ղեկավարության հետ:

Նկատենք, որ թատրոնի անձնակազմ մարտական է տրամադրված:

Նազենի Ղարիբյանը պնդում է, որ անձնական խնդիր Կոնստանատին Օրբելյանի հետ չի ունեցել և չունի:

Ինչ վերաբերում է տնօրենի նոր թեկնածուն, ապա այդ մասին կհայտարարվի արդեն գալիք երկուշաբթի օրը: Ղարիբյանի չի հերքում, որ թեկնածուներից մեկը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG