Ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները մտադիր են հավաքվել կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրելու չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաև ազատել Ղարիբյանին զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նրանք այսօր հայտարարեցին հենց դահլիճի բեմից՝ «Դիմակահանդես» բալետը դիտելու եկած հանդիսատեսի առջև:
Նախքան ներկայացման սկիզբը, թատրոնի աշխատակազմը դուրս եկավ բեմ և հայտարարեց՝ հարգելով հանդիսատեսին՝ կխաղան այս ներկայացումը, իսկ թե ինչ կլինի հաջորդող ներկայացումների հետ, արտիստներն ասացին՝ կորոշեն արդեն հաջորդ շաբաթ, կսպասեն վարչապետի արձագանքին:
Նկատենք, որ ապրիլի 4-ին նշանակված է Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերան:
Այսօր ավելի վաղ մեկուկես ժամ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ թատրոնի աշխատողները որոշեցին, որ պատրաստ են անգամ գործադուլի դիմել, եթե իրենց ձայնը իշխանություններին չհասնի:
Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով: Երեկ էլ նախարարի պաշտոնակատարը հրաման է ստորագրել Օպերայի նոր տնօրենի նշանակման մասին: