Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ճգնաժամի մեջ է․ հայաստանցի ու ռուսաստանցի վերլուծաբաններ


Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի հետաձգումը վկայում է, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել իր շահերի պաշտպանությանը՝ դուրս գալով տարիներ ի վեր տևած «լռության քաղաքականությունից»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է, և պատճառը դաշինքի գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի շուրջ համաձայնության բացակայությունն է:

Ըստ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն առաջարկել է և ինքն էլ համաձայնվել է՝ գագաթաժողով չանել, աշխատանքային կարգով քննարկել լուծումը, որից հետո պատրաստի լուծմամբ գնալ գագաթնաժողովի:

«Իսկապես աննախադեպ է: Հատկապես եթե հիշենք, որ երբ Խաչատուրովն էր նշանակվում գլխավոր քարտուղար, էլի մեկ տարի և նույնիսկ ավելի համաձայնություն չկար, որևէ անգամ վեհաժողով չհետաձգվեց․․․ Եվ սա առավել ընդգծում է աննախադեպությունը: Միաժամանակ, կարծում եմ, սա ընդգծում է նաև, որ խնդիրը միայն գլխավոր քարտուղարի հարցը չէ, այլ ՀԱՊԿ-ում ավելի լայն իմաստով ստեղծված է աննախադեպ վիճակ՝ Հայաստանի շնորհիվ, լավ իմաստով Հայաստանի շնորհիվ: Որովհետև Հայաստանը բարձրացրել է ՀԱՊԿ ռամզաքաղաքական բնույթի խնդիրը, այսինքն փորձում է դնել հարցադրումը՝ ՀԱՊԿ-ը ի վերջո ռազմաքաղաքական դաշի՞նքն է՝ դրանից բխող պարտավորություններով, թե՞ պարզապես ցուցանակային կամզակերպություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Դեկտեմբերի 1-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը: Ի դեպ, նույն օրը Տոնոյանը նաև տեղեկացրել էր, որ Հայաստանը և Ռուսաստանը ավարտում են Երևանին Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիրը նախապատրաստելու ընթացակարգերը:

Ըստ Բադալյանի, այն, ինչ անում է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի առնչությամբ, բխում է նաև Մոսկվայի շահերից․ - «ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ոչ միայն հայ-ռուսական հարաբերության խնդիր չէ, այլ ես կարծում եմ նաև, որ այդ իրավիճակը, որ ստեղծել է Հայաստանը՝ հարցերը շատ հստակ դնելով և տարիների «լռության քաղաքականությունից» դուրս գալով և իր շահերը հետապնդելով, որոշակիորեն համապատասխանում է նաև Ռուսաստանի շահերին: Որովհետև Ռուսաստանի համար էլ ներկայումս արդիական է հասկանալ, թե ՀԱՊԿ-ը ի վերջո կարո՞ղ է վերածվել ռազմաքաղաքական դաշինքի և դրանով հավակնելի միջազգային ավելի լուրջ դերակատարումների»:

Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի խոսքով, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը վկայում է, որ դաշինքը ճգնաժամի մեջ է․ - «Սա կարել է «ճգնաժամ» անվանել, կամ կարելի է ասել, որ ՀԱՊԿ-ը ճգնաժամի մեջ է ապրում: Ռուսաստանի մոտեցումն էր՝ քանի որ ամերիկացիները ՆԱՏՕ-ն ունեն, եկեք մենք էլ ՀԱՊԿ ստեղծենք, ու քանի որ ԱՊՀ-ն լուրջ կառույց չդարձավ, ուստի եկեք մի դաշինք ձևավորենք: ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրը այդ դաշինքում ներկա լինելու իր շահն ունի: Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը այդքան էլ լուրջ կառույց չէ: Խաչատուրովից հետո Մոսկվայում չեն ցանկանում դաշիքնի գլխավոր քարտուղարի աթոռը տալ Հայաստանին, բայց չեն էլ ցանկանում այն տալ որևէ այլ պետության, քանի որ կա կոնսենսուսի խնդիր: Ուստի, Մոսկվայում մտածում են՝ ժամանակավոր պաշտոնակատար կա, ուրեմն թող այդպես էլ մնա»:

XS
SM
MD
LG