Մատչելիության հղումներ

«Մեր կառավարությունը ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը». Փաշինյանը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մարտունի քաղաքի հրապարակում, 19-ը նոյեմբերի, 2018թ․
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մարտունի քաղաքի հրապարակում, 19-ը նոյեմբերի, 2018թ․

Գեղարքունիքի մարզի համայնքապետերի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը Գավառի մարզպետարանում չսահմանափակվեց միայն մարզային կնճռոտ խնդիրներով: Վարդենիկ համայնքի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանին առավել հուզում էր Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ գործընկեր Բելառուսի վերաբերմունքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցով: Նիկոլ Փաշինյանն էլ ի լուր աշխարհի խոստացավ՝ միջազգային գործընկերները հաշվի են նստելու Հայաստանի հետ, Հայաստանն այլևս համակերպվողի դերում չի լինելու:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի ընտրության հարցը: Նա նշել էր, որ ռոտացիոն կարգով հաջորդը Բելառուսի հերթն է, իսկ ինքն արդեն երեք թեկնածու է քննարկում թափուր պաշտոնի համար: Այս հայտարարությանը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը, թե՝ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից: Փաշինյանը պնդել էր, որ նման որոշումը ՀԱՊԿ գործընկերներն ընդունում են կոնսենսուսով, ինչը տեղի չի ունեցել:

«Էնպիսի տպավորություն է, որ այսպես իներցիայով շատ-շատերը ուզում են, փորձ են անում կամ պետք է փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ։ Ես պարզ ասում եմ, որ չի անցնի այդպես, որովհետև հնարավոր է մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք, որովհետև մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք։ Էլի եմ ասում, որ մենք արել ենք մի բան ապրիլ-մայիս ամիսներին, որ մարդկային պատմության մեջ նախադեպը չունի: Բայց այդ հարաբերություններում, համոզված եղեք, որ մեր ժողովուրդը և մեր կառավարությունը ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը, և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Գեղարքունիքի աշխատանքային այցի օրակարգից դուրս չմնաց նախկին իշխանության օրոք ավանդույթ դարձած նախընտրական արատավոր երևույթները բացառելու հարցը: Վարչապետի պաշտոնակատարը զգուշացրեց՝ խստագույնս կպատժվեն ընտրակաշառք բաժանողները: Փաշինյանը նախազգուշացրեց նաև համայնքապետերը, դպրոցների տնօրեններն ու այլ հաստատությունների ղեկավարներին, որոնք կհանդգնեն վարչական լծակները գործադրել այս կամ այն ուժի օգտին: Նախընտրական շրջանում ակտիվացող քրեական և թաղային հեղինակություններին ևս չշրջանցեց․ - «Քրեականի տեղը բանտն է, ուրեմն նա պետք է լինի բանտում: Կամ էլ ինքը պետք է ապրի որպես օրինապահ քաղաքացի, հարգալից լինի երկրի օրենքների նկատմամբ, համակեցության կանոնների նկատմամբ, հանրության նկատմամբ, քաղաքացու նկատմամբ և նրանց իրավունքների նկատմամբ»:

Մինչ մարզային իշխանության հետ հանդիպումը Մարտունու հրապարակում Փաշինյանը հիշեցրեց՝ հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և առաջիկա ընտրություններում ժողովուրդն է իր քվեով որոշելու՝ ով լինի իշխանություն:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան համայնքներում Փաշինյանի այցն ուղեկցվեց ավանդական սելֆիներով և գրակախառնություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG