Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կքննարկվի աշխատանքային կարգով


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կքննարկվի աշխատանքային կարգով, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցում։ Այս մասին Փաշինյանը տեղեկացրեց այսօր՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ է ՀԱՊԿ օրակարգից հանվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում ինքը առաջարկեց, ասեց՝ քանի որ այսպիսի վիճակ է, դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։

«Ազատության» ճշտող հարցին՝ ըստ էության կոնսենսուս չի եղել և այդ պատճառո՞վ է հարցը տեղափոխվել 2019 թվական, Փաշինյանը արձագանքեց. ֊ «Համաձայնություն եղել է, որ դեկտեմբերի 6֊ին քննարկենք, լուծենք այդ հարցը, բայց քանի որ հիմա քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չունենք, Աստանան նույն կերպ կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսային լուծում գտնենք»:

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG