ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն այսօր ասել է, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչի նշանակման հնարավորությունը կազմակերպության անդամների մոտ հարցեր է առաջացնում:
«Կան մի քանի մոտեցումներ, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանած կարգը՝ ռուսական այբբենական կարգով ռոտացիոն սկզբունքի գործարկելը (այս ձևով ՀԱՊԿ-ում հաջորդը նախագահելու է Բելառուսը): Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկումների արդյունքները: Մյուս մոտեցումը (Հայաստանի) մինչև եռամյա ժամկետի ավարտը իր ներկայացուցչին նշանակելն է», - ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պարզաբանել է Սեմերիկովը, նշելով, որ երկրորդ մոտեցումը շատ երկրների մոտ հարցեր է առաջացում՝ կապված այդ քայլի էֆեկտիվության հետ:
Նա ասել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը շարունակում է հարցի քննարկումը կառուցողական համագործակցության ոգով: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որոշումը բոլոր դեպքերում ընդունվելու է միայն ՀԱՊԿ-ի անդամ վեց պետությունների ֆորմատով, կոնսենսուսի հիման վրա, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - նշել է Սեմերիկովը:
Նա մամուլին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել մեկնաբանություններում, որոնք, ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի, չեն արտահայտում կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու հարցում ընթացիկ գործընթացի իրական պատկերը:
Նա երաշխավորել է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միացյալ շտաբը ամբողջ ծավալով իրականացնում են կազմակերպության անդամ երկրների անվտանգությունը ապահովելու՝ իրենց վրա դրված պարտականությունը:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու հարցը նորից քննարկվելու է դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում՝ Հայաստանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից երեք օր առաջ: