Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Կնյազ Հասանովը ևս միացել է ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման:
«Մենք եկել ենք Ազգային ժողով մեր համայնքային, ազգային փոքրամասնության քվոտայով և անցել ենք իշխանության ցուցակներով: Էն ժամանակ իշխանության գլուխ հանրապետականեր էին, էսօր իշխանությունը փոխվել ա», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հասանովը:
«Ամբողջ այսօր հայ ժողովուրդը այս իշխանության կողքն է գնում, կողմ է, դրա համար մենք, հաշվի առնելով, որ ազգային փոքրամասնություն ենք և շատ գոհ ու շնորհակալ ենք Հանրապետական կուսակցությունից, իրենց իշխանություններից, որ տարիների ընթացքում ամեն ինչ արել են մեր կրթության, մշակույթի, լեզվի պահպանման, դասագրքեր, և այլն, և այլն, ամեն ինչ արել են մեր համայնքի համար, և դա մենք գնահատում ենք որպես հայ ժողովրդի կողմից մեզ սատարելու հարց», - հայտարարեց քուրդ պատգամավորը՝ շարունակելով․ - «Դրա համար այսօր ամբողջ ժողովուրդը, ասեցի, կանգնած է այս ճանապարհի վրա: Մենք էլ հարգում ենք հայ ժողովրդին, հարգում ենք մեր ժողովրդին և գտնում ենք, որ մենք կանգնում ենք մեր ժողովրդի բռնած ճանապարհի վրա»:
Հարցին, թե դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարություն ստորագրելը հստակեցված եղե՞լ է ՀՀԿ խմբակցության հետ, Հասանովն արձագանքեց․ - «Չգիտեմ»:
Ազգային ժողովի 16 պատգամավորներ հայտարարություն են ստորագրել, որով պաշտպանում են դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի», - ասված է պատգամավորների ստորագրած հայտարարությունում։