Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ Եթե ԱԺ-ն խնդիրներ չստեղծի, արտահերթ ընտրությունները կանցկացվեն փոփոխված Ընտրական օրենսգրքով


Գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը խիստ անցանկալի սցենար է, կարծում է վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Օրենսդրական փոփոխությունների նախագիծը պատրաստ է, եթե խորհրդարանում խոչընդոտներ չստեղծվեն, ապա այն արդեն այս ամիս պետք է դրվի քվեարկության, «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

«Գործող օրենսգրքով ընտրություններին գնալը շատ անցանկալի սցենար է: Այո, եթե խորհրդարանը խնդիրներ չստեղծի, ապա օրենսգիրքը կհասցնի փոխվել այնպես, որ ընտրությունները նորով անցնեն», - նշեց Իոաննիսյանը:

Ուրբաթ օրը հրապարակված՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն այսօր ավելի քան երեք ժամ քննարկվեց կուսակցությունների, դիտորդների և քաղհասարակության մասնակցությամբ: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ այնպիսի փոփոխություններ են կատարել, որոնք հնարավոր է կարճ ժամանակահատվածում՝ մինչև դեկտեմբերին նախատեսված արտահերթ ընտրություններ կյանքի կոչել: Առաջարկվում է ընտրակարգը դարձնել պարզ համամասնական, այսինքն՝ հրաժարվել այսպես կոչված ռեյտինգային համակարգից, որը անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քննադատում էին բոլոր ուժերը՝ բացի Հանրապետականից։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է նաև 1 տոկոսով իջեցնել անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար այն դարձնելով 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6: Անկախ անցողիկ շեմը հաղթահարելու հանգամանքից, ըստ նախագծի, խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 4 քաղաքական ուժ՝ ներկայիս 3-ի փոխարեն:

«Անգամ եթե շեմը 4 ուժ չի հաղթահարել, առավելագույն ձայներ հավաքած 4 կուսակցությունները անցնում են խորհրդարան: Հաջորդ խորհրդարանը մինիմում 4 քաղաքական ուժից պետք է ձևավորված լինի: Հեռուստաբանավեճեր են նախատեսվում, որ պետք է լինեն Հանրային հեռուստաընկերությամբ, առցանց հեռուստաընկերությունները կարողանում են քաղաքական գովազդ վաճառել», - ասաց հանձնաժողովի քարտուղարը:

Ժամանակի սղության պատճառով, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հեղինակները հրաժարվել են մատնահետքերի միասնական ցանց ներդնելու գաղափարից: «Մենք եկանք այն եզրահանգման, որ դրա համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք, և այն ուղղակի իրագործելի չէ հիմա, բայց, օրինակ, դրա փոխարեն՝ ընտրողների ցուցակների կազմման մեթոդաբանությունն է մի քիչ փոխվում, և ընտրողների ցուցակները այդքան ուռճացված մի քիչ նվազելու են՝ մոտ 100-150 հազար մարդով», - ասաց Իոաննիսյանը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները զուգահեռաբար քննարկող խորհրդարանական հանձնաժողովից, ըստ Իոաննիսյանի, 35 առաջարկ են ստացել, որոնց մի մասն ընդունել են, մերժել են հիմնականում այն առաջարկները, որոնք հնարավոր չէ իրականացնել մինչև դեկտեմբեր:

«Էս պահի դրությամբ ես չեմ կարող արձանագրել, որ կա կոնսենսուս խորհրդարանի հետ, որովհետև նախագծի հրապարակումից հետո քննարկումներ չեն եղել, բայց հույսով եմ, որ խորհրդարանում կոնսենսուս կլինի, քանի որ, իմ կարծիքով, խորհրդարանում կոնսենսուսը կախված կլինի նաև հանրային կոնսենսուսից», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Այժմ հանձնաժողովը նախագծի վերաբերյալ առաջարկներ է ընդունում, քննարկումներից հետո այն վերջնական տեսքի պետք է բերվի, հաստատվի կառավարության կողմից և ուղարկվի խորհրդարան: Փոփոխությունների նախագիծն ուղարկվելու է նաև Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, այդ կառույցներին արդեն իսկ ուղարկվել է առաջարկվող փոփոխությունների հայեցակարգը:

Որպեսզի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները տեղի ունենան փոփոխված Ընտրական օրենսգրքով, Ազգային ժողովը մինչև այս ամսվա վերջ պետք է հաստատի նախագիծը:

«Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից ոչ թե դեկտեմբերին, այլ դեկտեմբերին ընտրություն իրականացնելու համար այն պետք է ընդունվի գործնականում այս ամիս՝ հոկտեմբերի ընթացքում: Եվ, այո, մենք հասցնում ենք այս առումով», - ասաց Իոաննիսյանը:

Այսօրվա քննարկումների մասնակիցներից շատերը առաջարկեցին է՛լ ավելի նվազեցնել անցողիկ շեմը ու նաև վերանայել ընտրական գրավի չափը: Նախագծով արդեն իսկ առաջարկվում է 1 տոկոսով իջեցնել անցողիկ շեմն ու ընտրական գրավը 10 միլիոնից դարձնել 7.5 միլիոն, սակայն քննարկման մասնակիցները պնդեցին՝ դրանք պետք է ավելի նվազեցվեն։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունեց փոփոխությունները, բայց առաջարկեց է՛լ ավելի նվազեցնել առաջարկվող անցողիկ շեմը:

Իոաննիսյանն ասում է՝ այս առաջարկը կքննարկեն, շարունակելով․ - «Ո՛չ կարող եմ ասել, որ կփոխենք, ո՛չ կարող եմ ասել, որ չենք փոխի: Ամեն դեպքում, դրանք կքննարկվեն, որովհետև երկուսն էլ այնպիսի բաներ են, որ պետք է ոսկյա միջին գտնել: Թե՛ շեմին է վերաբերում, թե՛ գրավին՝ շատը մի վտանգ է պարունակում, քիչը՝ այլ վտանգ»:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծիք արտահայտեց, որ այժմ պետք է կատարել միայն այն փոփոխությունները, որ խիստ անհրաժեշտ են արտահերթ ընտրությունների համար:

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ի սկզբանե աշխատել են հենց այդ տրամաբանությամբ և հիմնականում միայն խիստ անհրաժեշտ փոփոխություններն են ընդգրկել նախագծում: Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են մինչև արտահերթ ընտրություններ նաև այն պատճառով, որ գործող Ընտրական օրենսգրքում շատ թերի են այն մեխանիզմները, որոնք վերաբերում են արտահերթ ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG