Մատչելիության հղումներ

Տեղացի դիտորդները «պատմական» են որակում Երևանի ավագանու ընտրությունները


Հայաստանում տարբեր տարիներին անցկացված ընտրությունները քննադատած դիտորդները երեկ կայացած ավագանու ընտրությունները որակում են պատմական՝ ազատ և արդար։

«Ականատես» դիտորդական առաքելության անդամներն էին այսօր ներկայացնում իրենց գնահատականները։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյան․ - «Ես նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս որպես Հայաստանի քաղաքացի մեր ունեցած ընտրությունների առթիվ: Ինձ թվում է, շատերը պարզապես տեղյակ չէին ինչ է նշանակում ընտրություն, ինչ է նշանակում մրցակցություն, ինչ է նշանակում մտածել, թե ում ընտրել՝ բազմազանություն, ինչ է նշանակում խաղաղ, հանգիստ մթնոլորտ, և կարելի է գնալ ընտրատեղամաս, ու չլինի կողքերը թաղային հեղինակությունների ճնշող ներկայությունը, լարվածություն չլինի տեղամասերում»:

«Ականատեսը» ներկայացնում են երեք կազմակերպություններ՝
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբն ու «Ռեստարտ» նախաձեռնությունը։ Երեքի ներկայացուցիչներն էլ միաբերան պնդեցին՝ տասնամյակներ անց Հայաստանում ընտրությունն անցավ ազատ և մրցակցային մթնոլորտում։

Սոնա Այվազյանը հայտարարեց․ - «Ես կարծում եմ, որ ընտրություններն անցան ազատ, մրցակցային մթնոլորտում»:

«Բացառիկ ընտրություն է այն իմաստով, որ շատ-շատերս համաձայն ենք այն մտքին, ինչ ասաց Սոնա Այվազյանը», - նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Գալստյանը:

«Ականատես» դիտորդական խումբը երեկ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտարկել է Երևանի 475 ընտրատեղամասերից 80-ը։ Սոնա Այվազյանն ասաց, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների կազմակերպած ընտրությունների, այս ընտրությունների ընթացքում մթնոլորտն ընտրատեղամասերում շատ հանգիստ էր։

«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտեցին, որ այս ընտրությունները տեղի ունեցան ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։

«Բացառապես եղել է ազատ մրցակցության պայմաններում, որի մասին մենք բազմիցս ասել ենք, թե ինչ ենք նկատի ունենում ազատ մրցակցություն ասելիս․ չի եղել որևէ խոչընդոտ որևէ կուսակցության նախընտրական հանդիպումներին, ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու՝ մասնակցելու կամ չմասնակցելու առումով», - նշեց Սաքունցը:

Սաքունցը շեշտեց, որ այս ընտրություններին տեղամասերում չկային չակերտավոր դիտորդներ, որոնք իրականում այս կամ այն ուժի շահերն էին ներկայացնում: Նա հավելեց նաև, որ ոստիկանությունն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ակտիվ են աշխատել․ - «Կարելի է ասել, որ մեծապես ընտրական գործընթացի խախտումները կանխվել են շնորհիվ իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գերազանց մասի կողմից իրենց գործառույթների ակտիվ կատարման»:

Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ավագանու ընտրությունների մասնակիցների շնորհավորանքներին ուղղված «Իմ քայլը» դաշինքին, ասաց՝ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահությունը վերականգնվում է․ - «Սա այն էր, ինչը ամենաշատը մեզ պակասեց 2017 թվականի ընտրություններին: Վերականգնվեց վստահությունը ընտրությունների նկատմամբ: Մարդիկ ասում էին՝ ուր ա իմ տաս հազարը, դրանից ավելի մեծ քյար ես չեմ ունենա էս ընտրություններից»:

Այվազյանը ներկայացրեց մի շարք թերություններ, որոնք արձանագրվել են այս ընտրությունների ընթացքում․ - «232 ընտրողների անուններ չեն եղել ընտրողների ցուցակում կամ սարքում ներառված: Գրանցման հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ․ 705 դեպք արձանագրել ենք, երբ գրանցման խնդիրներ են ունեցել դիտորդները: Արձանագրվել են ընտրողին օգնելու կարգի խախտումներ՝ մոտ 40 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ 35 դեպք: 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են ստորագրություններ, նրանցից մեկը չի քվեարկել ի վերջո և հեռացել է: 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել: Եվ մի քանի փոքր մասշտաբի այլ խախտումներ՝ քարոզչություն, հակաքարոզչություն, դիտորդների ուղղորդման դեպքեր են եղել, բայց՝ շատ ավելի քիչ»:

Լեւոն Բարսեղյանը, նկարագրելով երեկվա քվեարկությունը՝ կատակեց․ - «Հանգուցյալները այս անգամ անհասկանալի պատճառներով որոշեցին չմասնակցել ընտրություններին»:

Այս ընտրությունը դիտարկում էր նաև Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը, որի ներկյացուցիչ Ալեքսանդր Ցինկերն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ավագանու ընտրություններում հանրությունը վստահության քվե տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

XS
SM
MD
LG