Մատչելիության հղումներ

ԿԸՀ նախագահ․ Ընդհանուր հանգստության մթնոլորտ թերևս բոլոր տեղամասերում էլ կար


«Ազատությունը» զրուցել է Կենտրանական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանի հետ

«Ազատություն»․ - Եթե նախորդ ընտրությունների հետ համեմատեք, տարբերություն տեսնո՞ւմ եք լարվածության առումով:

Մուկուչյան․ - Այն տեղամասը, որտեղ ես այցելել եմ, և նախորդ անգամ էլ համարյա թե նույն ժամին եմ այցելել: Պետք է նկատեմ, որ երկու անգամ էլ գոնե այդ տեղամասում, որտեղ ես եմ քվեարկությունս իրականացրել, ակտիվությունը եղել է բավականին բարձր: Այսօր ևս այցելեցի այդ տեղամաս, և նորից բավականին բարձր ակտիվություն էր»:

«Ազատություն»․ - Ակտիվության մասին չի խոսքը: Լարվածության մասին է․․․

Մուկուչյան․ - «Ես այսօր նման լարվածություն այդ տեղամասերում համենայն դեպս չեմ զգացել: Կարծեք ավելի հանգիստ էին թե՛ հանձնաժողովի անդամները, թե՛ տեղամասերում ներկա գտնվող վստահված անձինք: Ավելի բարյացկամ էին մեկմեկու նկատմամբ, ավելի վստահությամբ լցված էին մեկմեկու նկատմամբ, ինչը շատ կարևոր գործոն է»:

«Ազատություն»․ - Ձեր բացատրությունը ո՞րն է: Ինչո՞ւ էին, օրինակ, նախորդ ընտրությունները այդքան լարված, լրատվամիջոցները, վստահված անձինք, դիտորդները խոսում էին լարվածության մասին, ուղղորդված քվեարկության մասին, կրկնաքվեարկության, բաց քվեարկության․․

Մուկուչյան․ - Դժվար է միանշանակ որևէ բացատրություն տալ: Ես ընդամենը կարող եմ փաստը ֆիքսել:

«Ազատություն». - Դուք կարծո՞ւմ եք, որ այս ընտրությունները նախորդներից իրենց հանգստությամբ տարբերվում են:

Մուկուչյան․ - Հանգստության կար, այո, ես նշեցի, որ կար նման հանգստություն: Իհարկե կա մրցապայքար, մասնակցում են 12 քաղաքական ուժեր, վերջիններիս վստահված անձինք ներկայացում են նրանց շահերը ընտրական տեղամասերում, բայց ընդհանուր հանգստության մթնոլորտ թերևս բոլոր տեղամասերում էլ կար, ինչը, կարծում եմ, շատ ողջունելի է:

«Ազատություն»․ - Դիմում-բողոքներ, խախտումներ․ եթե ամփոփելու լինենք, ո՞ր խումբն է գերակշռում:

Մուկուչյան․ - Գրավոր դիմում-բողոքներ որպես այդպիսին մենք արդեն ներկայացրել ենք, որ քվեարկության օրվա ընթացքում, քվեարկության նախորդ օրերին մենք նման դիմում-բողոքներ չենք ստացել: Այսօրվա մինչ այժմ արձանագրվածը, մինչ այժմ ուսումնասիրվածը թույլ է տալիս պնդելու, որ առկա չեն կոպտագույն խախտումներ, առկա չեն կազմակերպված բնույթ կրող խախտումներ:

«Ազատություն»․ - Նախորդ տարիներին իրավապահների աշխատանքից դիտորդներ, ընդդիմադիր ներկայացուցիչներ, ընտրության մասնակից ուժեր կամ թեկնածուներ շատ են բողոքել չմիջամտելու, ցանկալի արձագանք չտալու համար: Դուք ինչպե՞ս եք այսօրվա աշխատանքը իրավապահների գնահատում:

Մուկուչյան․ - Ես կարծում եմ, բավականին օպերատիվ արձագանքում են ցանկացած դեպքի, ահազանգի: Բացի դրանից բոլոր տեղամասային կենտրոնների մոտ իրավապահ մարմինները իրականացնում էին իրենց գործառույթները: Պետք է նկատել, որ մենք անընդհատ այդ մասին խոսում էինք, տեղամասային կենտրոնների մոտ առկա կուտակումների․․․ Այսօր, համենայն դեպս, տեղամասային կենտրոնների մոտ նման կուտակումներ, կարծես թե, չեն նկատվում:

«Ազատություն»․ - Վաղը մինչև կեսօր նախնական արդյունքները պա՞րզ կլինեն:

Մուկուչյան․ - Ես կարծում եմ, շատ ավելի շուտ դրանք պարզ կլինեն: Միաժամանակ շատ կարևորագույն մեկ հանգամանքի մասին կցանկանայի խոսել․ Ընտրական օրենսգիրքը նման կանոն նախատեսել է համապետական ընտրությունների համար: Խոսքը վերաբերում է ընտրողների ստորագրված ցուցակների սքանավորմանը և հրապարակմանը: Ինչպես Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել և այդ ցուցակների հրապարակում կիրականացնի:

«Ազատություն»․ - Դուք արդեն 7 տարի զբաղեցնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Բազմաթիվ քննադատություններ են եղել Ձեր հասցեին, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչների կողմից՝ մասնավորապես, կեղծված ընտրություններով նախորդ իշխանության հաղթանակը ապահովելու համար: Այսօր իշխանությունը հայտարարում է՝ ընտրությունը քաղաքացին է կատարելու, նրա ձայնը չի գողացվելու: Դուք նախորդ և ներկա իշխանությունների միջև տարբերություն տեսնո՞ւմ եք, և ո՞րն է այդ տարբերությունը:

Մուկուչյան․ - Ես ձեռնպահ կմնայի ընդհանրապես քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի վերաբերյալ որևէ դիրքորոշում ներկայացնելուց, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապաքաղաքական մարմին է, և հետևաբար ես զերծ կմնայի ընդհանրապես որևէ քաղաքական գնահատականի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելուց և առավել ևս՝ անդրադառնալու այնպիսի հարցերի, որոնք թերևս կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG