Արձանագրությունը կազմված է, կնիքով վավերացված։ Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից ևրևանցիներն իրենց առավելագույն քվեն տվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին։ Նրանց քաղաքապետի թեկնածուն դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանն է։
294 հազար 109 քվեներով «Իմ քայլը» դաշինքն այս պահին բացարձակ առաջատարն է։ Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստանն» է, որը ստացել է 25 հազար 219 թվե և եռյակը եզրափակում է «Լույս» դաշինքը՝ 18 հազար 112 քվեով։ Մնացած 9 քաղաքական ուժերը անգամ չեն հաղթահարել անցողիկ շեմը և հավաքել են 1 տոկոսից մի փոքր ավել կամ պակաս ձայներ։
Հարցին, թե ինչպես են բաշխվելու մանդատները նորընտիր ավագանիում, ԿԸՀ նախագահը դեռ չի շտապում պատասխան տալ։ Ասում է, որ սեպտեմբերի 30-ին՝ վերջնական ամփոփումից հետո միայն այդ մասին կհայտարարեն․ - «Յուրաքանչյուր գործառույթ ունի իր հստակ իրականացման ժամանակը: Եվ բացի դրանից, մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կան գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: Եվ բնական է, այս փուլում որևէ նման կանխատեսում չպետք է անել, որովհետև, երբ արդեն ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունն է կազմվում, դրա հիման վրա արդեն իրականացվում է մանդատների բաշխումը»:
Երևանի ավագանու անդամների 65 մանդատ, որոնք, դատելով նախնական արդյունքներից, բաշխվելու են երեք առաջատար ուժերի միջև։ Ըստ Ընտրական օրենսգրքում ներկայացված մեխանիզմի, ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը ավագանիում ունենալու է 57 մանդատ,, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 5, իսկ «Լույս»-ը՝ 3 մանդատ։
Բայց մինչև այս թվերի վերջնական հաստատումը, այսօր կեսօրից սկսած մինչև վաղը կեսօր ԿԸՀ-ն, ինչպես փոխանցեց Մուկուչյանը, ընդունելու է ձայների վերահաշվարկի կամ տեղամասային տվյալների անվավեր ճանաչման մասին դիմումներ։ Ինչ վերաբերում է բողոքներին, ապա նրա խոսքով՝ հանձնաժողովը ոչ քվեարկությունից առաջ, ոչ էլ դրա ընթացքում գրավոր դիմում բողոքներ չեն ստացել, եղել են միայն բազմաթիվ ահազանգեր․ - «Մի մասը վերաբերում էր տեղեկատվության ստացմանը, մի մասը վերաբերում էր իրավունքների պարզաբանմանը, եղել են դիմումներ, որոնք վերաբերել են քաղաքացիների կարծիքով, իրենց իրավունքների իրականացման հետ կապված խնդիրներին»:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը չի պահանջում, բայց ԿԸՀ-ն որոշել է հրապարակել նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները։ Մուկուչյանը վստահ է, որ դա լրացուցիչ հանրային վերահսկողության գործիք կդառնա: Ցուցակների սկանավորումը արդեն սկսված է․ - «Դա հնարավորություն է տալու բոլորին հետևելու այդ ցուցակներին, անճշտություններ կամ կեղծ ստորագրություններ հայտնաբերելու պարագայում սահմանված են ժամկետներ դիմումներ ներկայացնելու հետ կապված»:
Տարիներ շարունակ ընտրական գործընթացի կազմակերպիչ Մուկուչյանը ասում է, որ ընտրությունը աչքի ընկավ բարձր ակտիվությամբ։ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848 հազար 346 քաղաքացուց իր քաղաքացիական պարտքը կատարեց 370 հազար 375-ը, այսինքն՝ ընդհանուր թվի 43.66 տոկոսը։
Մուկուչյանն այսօր անդրադարձավ նաև իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին։ Մուկուչյանի խոսքով, լռության օրը իրեն զանգահարել էր Զոհրաբյանն ու հայտնել «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի մասին։ Սակայն մինչև քաղաքապետի թեկնածուի զանգը իրենք արդեն տեղեկացել էին ու փորձել կապ հաստատել Դանիել Իոաննիսյանի հետ՝ ևս մեկ անգամ հիշեցնել լռության օրվա պահանջների մասին, բայց կապը չէր հաջողվել։
Արդյո՞ք այդ օրը խախտվել է օրենքը․ Մուկուչյանը գնահատական չի տալիս, բայց բացատրում է, թե հետագայում իրենք ինչու չեն միջամտել․ - «Մոտեցումը հետևյալն է, որ, բնական է, պետք է հրավիրվի վարույթ, վարույթում ուսումնասիրվի այդ հարցերը: Սակայն կար մի խնդիր․․․ որովհետև ինքը որպես այդպիսին արդեն ավարտված արարք է: Հետևաբար այդ պահին վարույթի հրավիրումը կարող էր դառնալ հարթակ, որտեղ կողմերը պետք է գային, մասնակցեին, ներկայացնեին տեսակետներ: Եվ ակամայից մենք կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց, մենք ինքներս, քանի որ մեր նիստերը հրապարակային են, դառնալ մի հարթակ, որտեղ ուղղակիորեն այդ ամբողջ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»: