Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ասում են՝ այս ընտրություններն ուրիշ են. տեղամասերում լարվածություն չկա, միջամտություն չի եղել, ընտրական տեղամասերում էլ կարգուկանոն է տիրում, ընտրակաշառք չի բաժանվել։ Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր նշում են, որ նախորդ օրերին ընտրակաշառքի առաջարկ, այնուամենայնիվ, եղել է։
Նոր-Նորք և Արաբկիր վարչական շրջանների ընտրատեղամասերին հարող տարածքներում, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր, կայանած մեքենաներ չէին երևում։ Ընտրողներին տեղամասեր բերողներ, տեղամասերի ներսում կուտակումներ չկային։ Այս մասին վկայեց նաև Քանաքեռ Զեյթուն թաղամասում տեղակայված թիվ 3/23 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գևորգ Ավետիսյանը, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող, բայց ավագանու ընտրություններին չմասնակցող Հանրապետական կուսակցության անդամ է։ Նախորդ ընտրություններին ևս ընտրական հանձնաժողով է նախագահել։
«Այս, առաջ կուտակումները բերում էին իրենց բարդություններին: Հիմա չկա էդ բանը, կազմակերպչական առումով: Թե ով էր կազմակերպում կուտակումները․․․ ի՞նչ կապ ունի Հանրապետականը, «Բարգավաճը»: Կոնկրետ մի կուսակցության անուն մի նշեք, չի կարելի»,- «Ազատությանն» ասաց Ավետիսյանը:
Նոր-Նորքում տեղակայված թիվ 2/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհար Գասպարյանի կարծիքով՝ այս ընտրություններն աննախադեպ հանդարտ են անցնում։ «Դրսում ոչ մի ավելորդ շարժում չենք տեսնում: Ներսում հանգիստ վիճակ է: Դե դա բոլորս գիտենք [թե ինչու], մանրամասնելն ավելորդ է»,- ասաց Գասպարյանը:
Տեղամասերում վստահված անձինք և դիտորդները մեծ թիվ չէին կազմում: Առավոտյան Նոր-Նորք և Արաբկիր վարչական շրջաններում մեկ-երկու վստահված անձինք էին, հիմնականում «իմ Քայլը» դաշինքից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Հանձնաժողովների անդամները ընտրական պրոցեսը վերահսկողների պասիվությունը վերագրում էին տեղամասային ընտրական հանձնաժողովների նկատմամբ կուսակցությունների ունեցած վստահությամբ։