Մատչելիության հղումներ

Դիտորդները լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրում


«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն ընթանում է հանգիստ, լուրջ խախտումներ չկան», - ասում է ընտրությունները դիտարկող երկու խոշոր նախաձեռնություններից մեկի՝ «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Լուրջ խախտումների մասին ահազանգեր գրեթե չկան: Հատուկենտ տեղամասերում ահազանգեր կան, որ ընտրողներին ավտոբուսներով կամ ինչ-որ տրանսպորտային միջոցներով տանում-բերում են: Օրինակ, Ավանից նման ահազանգ կար: Շարունակվում են ահազանգերը ընտրակաշառքի մասով, բայց՝ ընտրական տեղամասերից դուրս: Մենք դրանք փոխանցում ենք ոստիկանությանը: Հույսով եմ, որ ամեն դեպքում ընտրակաշառքի մասին ահազանգերը կամ հնարավոր ընտրակաշառքի ազդեցությունն ընտրությունների վրա մեծ չի լինի, և այդուհանդերձ ընտրողները տեղամասերում իրենց ազատ կզգան»:

Իոաննիսյանը, ինչպես և «Անկախ դիտորդի» տասնյակ այլ անդամներ, այսօր շրջում էր տարբեր տեղամասերով: Առավոտյան Արաբկիրի 4/20 տեղամաս էր եկել ահազանգի հետքերով․ իրենց դիտորդը հանձնաժողովի անդամի վրա կուսակցական կրծքանշան էր նկատել, ինչը համարվում է քարոզչություն տեղամասում և արգելված է: Բացի այդ, դիտորդն ահազանգել էր հանձնաժողովի նախագահի կողմից իր գործունեությունը խոչընդոտելու մասին:

Օրվա ընթացքում այլ ահազանգեր էլ են ստացվել: «Իմ քայլը» դաշինքը ահազանգել էր, որ Սիլիկյան թաղամասի 6/45 ընտրատեղամասի դիմաց կուտակումներ կան: Դաշինքի վստահված անձ Կարեն Տոնոյանը հաղորդել էր, որ մի խումբ երիտասադրներ տևական ժամանակ չեն հեռանում տեղամասի մոտից: Սակայն ընտրատեղամասի նախագահ Սաշա Մանուչարյանին հաջողվել է ոստիկանների միջամտությամբ հեռացնել երիտասարդներին տարածքից:

Աջափնյակ թաղամասի 6/52 տեղամասում քվեախցիկներն այնպես էին տեղադրվել, որ այլ անձինք կարող էին հետևել քվեարկությանը և միայն «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցչի միջամտությունից հետո հանձնաժողովը վերացրել է այդ թերությունը:

Աջափնյակի մեկ այլ տեղամասում՝ 6/26 ում, միջադեպել է տեղի ունեցել դիտորդի և «Բարգավաճ Հայաստան» կուսակության վստահված անձի միջև․ դիտորդը նկատել է, որ ԲՀԿ-ի վստահված անձը առանց վկայականի է գտնվում տեղամասում: Վստահված անձը չի փակցրել վկայականը անգամ դիտորդի հորդորից հետո, բացի այդ սպառնացել է դիտորդին կոտրել նրա ակնոցը:

«Մեկ-երկու անգամ զգուշացնելուց հետո հեռացավ տեղամասից», - փոխանցեց դիտորդը:

Իոաննսիսյանը շեշտում է, որ թեև դիտորդները որոշ խախտումներ արձանագրել են, սակայն դրանք անհամեմատելի են նախորդ ընտրություններին տեղի ունեցողի հետ․ - «Հանձնաժողովի անդամները էլ չեն զանգում ստեղ-ընդեղ, թիվ ասում, անուն ասում․․․ նորմալ իրենց գործն են անում: Գոնե մեծ մասը, ով էլ որ թերանում է, զգացվում է, որ զուտ չիմացության արդյունքում է թերանում․․․ Շատ ավելի օրինական տրամաբանության մեջ ա պրոցեսը»:

Ընտրությունենրը դիտարկող մյուս նախաձեռնության՝ «Ականատես» դիտորդական առաքելության անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը փոխանցեց, որ իրենք նույնպես խախտումներ են արձանագրել, սակայն դրանց որակն ու քանակը նախորդ ընտրություններից շատ են տարբերվում։ Իրենց արձանագրած ամենատարածված խախտումը մինչև այժմ ընտրատեղամասերի անմատչելիությունն է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Եղել են նաև ընտրատարածքի կահավորման խնդիրներ, սակայն ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են

«Ես ինքս էլ եղա մի քանի տեղամասերում, տեսա, որ բացարձակ անդորր և խաղաղություն է․․․ ընտրակաշառքի ահազանգեր չկան: Եթե ընդհանուր առմամբ փորձեմ գնահատել, պիտի ասեմ, որ ընդհանուր ծավալը հնարավոր խախտումների կրճատվել է 4-5 անգամ: Չգիտեմ օրվա մյուս կեսին ինչ կլինի, բայց ակնհայտորեն երևում է, որ դրություն է փոխվել ընտրական համակարգում, ընտրողների վարքում, հանձնաժողովների աշխատանքում․․․ Շոշափելի տեղաշարժ կա դեպի լավը», - ասաց Բարսեղյանը:

Ընտրողներն էլ այսօր քվեարկելուց հետո նշում էին, որ Երևանի ավագանու այս ընտրություններ էականորեն տարբերվում են նախորդ ընտրություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG