Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը:
«Մենք մեծապես կարևորում ենք նման խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման իրականացումը միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան և հանքի շահագործումը նորագույն տեխնոլոգիաներով:
«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորել է Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վստահության և շարունակական աջակցության համար:
Միջոցառմանը ներկա են եղել կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Վայոց ձորում վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև սահմանամերձ Խնձորուտ համայնք, հանդիպել տեղի բնակչությանը, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում և պետությունը շարունակելու է ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացումը: