Մատչելիության հղումներ

Շարունակվում է Ամուլսարի հանքում աշխատանքները դադարեցնելու պահանջով բողոքի ակցիան


Արդեն շուրջ մեկ շաբաթ փակ են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները․ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքում:

Բողոքի գործողության նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը համոզված է, որ Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության ամեն օրը բնապահպանական լուրջ վտանգ է ներկայացնում․ - «Մենք դեմ ենք, որպեսզի որևէ մետաղական հանքարդյունաբերություն Ջերմուկի տարածքում լինի: Այդ իսկ պատճառով փակել ենք հանք գնացող բոլոր ճանապարհները: Որևէ միջպետական կամ միջքաղաքային ճանապարհ չենք փակել, ու խոչընդոտում ենք միայն հանք բարձրացող մեքենաների աշխատանքը»:

Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքում է բնապահպանական վտանգների հավանականությունը: Ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ՝ իրենք դիմել են ոստիկանություն, որպեսզի ապահովվի հանքավայրում ազատ տնտեսական գործունեության իրականացումը:

«Մենք գտնում ենք, որ ոստիկանության գործողությունները ոչ բավարար են»․ - «Ազատությանն» ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը: - «Ընկերությունը միջազգային ներդրող է, ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավաբանական անձ է, որը երաշխավորված պետք է իրականացնի ազատ տնտեսական գործունեություն: Այս պահին ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը սահմանափակվել է»:

Մելքումյանի փոխանցմամբ, իրենք նաև դիմել են ոստիկանություն, որպեսզի Ամուլսար տանող ճանապարհների փակումը կազմակերպած չորս անձի դեմ խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում իրականացվի:

Այդ անձանցից մեկը Վազգեն Գալստյանն է, ով հայտարարում է, որ ճանապարհները չեն բացվելու, քանի դեռ Ամուլսարում հանքի գործունեությունը չի դադարեցվել․ - «Ամենաճիշտ տարբերակը ժամանակային առումով, հրատապությունը հաշվի առնելով հանքի ճանապարհները փակ պահելն է: Շատ ուզում ենք, որպեսզի Կառավարությունը հաշվի առնի և մտնի մեր իրադրության մեջ և իրավիճակին տիրապետի ամբողջությամբ՝ հասկանալու մեր շարժառիթները: Մեր հիմնական շարժառիթն այն է, որպեսզի յուրաքանչյուր օր, որը իրենք պետք է ավիրեն մեր չքնաղ բնությունը, թույլ չտանք, որ նույնիսկ այդ մեկօրյա աղետը անդրադառնա մեր բնության վրա»:

«Ամուլսարի խնդիրը պետք է լուծվի միայն փաստերի հիման վրա», - երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անհասկանալի որակելով բողոքի գործողությունների շարունակումը:

Վարչապետը կոչ արեց դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունները՝ եթե դրանք կառավարության դեմ չեն․ - «Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, չէ՞, որ մենք՝ Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կապով, ոչ մի կաշկանդող կապ չունի ո՛չ Ամուլսարի, ո՛չ էլորևէ հանքի հետ, ո՛չ էլ որևէ բիզնեսի հետ, ո՛չ էլ ընդհանրապես որևէ մեկի հետ: Չկա այդպիսի մի սուբյեկտ, որի հետ կապված մենք ինչ-որ կաշկանդվածություն ունենանք․․․ Բայց բոլոր դեպքերում մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա»:

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Լիդիան Արմենիայի» դեմ դատական հայցեր ներկայացրած բնապահպան Արթուր Գրիգորյանը օրեր առաջ նշանակվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը երեկ փոխանցեց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվելու է մետաղական բոլոր հանքերում իրավիճակն ուսումնասիրող աշխատանքային խումբ՝ սկսելով հենց Ամուլսարից․ - «Հաշվի առնելով նախորդ Կառավարության շրջանակներում իրականացված գործունեության փնթի վիճակը, հնարավոր է, որ բոլոր ստուգվող օբյեկտներում գտնվեն այնպիսի խոշորամասշտաբ խախտումներ, որ իրավական, զուտ նորմատիվային հիմքեր լինեն բոլորի գործունեությունը դադարեցնելու: Բայց էս դեպքում արդեն քաղաքական հարց է առաջանում, որովհետև տնտեսական և սոցիալական խնդիրների հարց կա, պետությունը արդեն որոշի, թե ինչպես վարվել»:

«Լիդիան Արմենիայի» իրավաբանը վստահեցնում է, որ իրենք նույնպես կողմ են, որպեսզի հանքերում հնարավոր խախտումների վերաբերյալ ստուգումները Ամուլսարից մեկնարկեն․ - «Ինչպես բարենպաստ ընկերության համար, այնպես էլ որ բարենպաստ ցանկացած արդյունք ընկերությունը պատրաստ է նստել քննարկել, երկխոսել և դրա վերաբերյալ քաղաքակիրթ ճանապարհով լուծում գտնել: Այն, ինչ որ կատարվում է այսօր ընկերությունում, դա ես որակում եմ որպես ընկերության դեմ ուղղված հանցագործություններ»:

Ամուլսարը շահագործող ընկերության ներկայացուցիչը ընդգծեց, թե ներկա վիճակում իրենք ամեն օր խոշոր չափի վնասներ են կրում, և հետագայում հարց է առաջանալու, թե ով պետք է փոխհատուցի դրանք:

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ այդ նպատակի համար կներդնի 370 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG