Մատչելիության հղումներ

Բնապահպանները պնդում են՝ ոսկու հանքի շահագործումը սպառնալիք է Սևանա լճի համար


Սևանա լիճ, արխիվ
Սևանա լիճ, արխիվ

Բնապահպաններն ահազանգում են՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը սպառնալիք է կենսաբազմազանության և առաջին հերթին Սևանա լճի համար:

Նրանց կարծիքով, առողջարանային Ջերմուկից ընդամենը յոթ կիլոմետր հեռու գտնվող հանքավայրի բացասական հետևանքները երկար սպասել չեն տա։

Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի խոսքով՝ առաջին վնասը կհասցվի Սևանի քաղցրահամ ջրին․ - «Այդ հանքավայրից մոտավորապես մի կիլոմետր հեռավորության վրա անցնում է Որոտան - Արփա - Սևան թունելը, և էդ արդեն թթվային ջրերը կազդեն ոչ միայն թունելի ինֆրաստրուկտուրային կառույցների քայքայման տեսանկյունից, այլ նաև էդ ջրերը կտեղափոխվեն բուն թունելի մեջ և կփոխեն էդ թունելով տեղափոխվող ջրերի որակը․․․ և հետո կտեղափոխվեն Սևանա լիճ՝ ազդելով նաև Սևանա լճի ջրի որակի վրա»:

Բնապահպանն ասաց, թե այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կփոխվի Սևանի ջրի որակը․ ռիսկերի հստակ գնահատում չի կատարվել, ինչը նշանակում է, որ ինչպես իրենց՝ բնապահպանների, այնպես էլ հակառակ կողմի պնդումները կարող են ստույգ չլինել։

«Մենք համոզված ենք, որ վտանգը կարող է շատ լուրջ լինել և ինքը անկառավարելի է: Մենք կարող է ունենանք Սևանա լճի ջրի որակի լուրջ փոփոխություններ՝ դեպի թթվայնացում», - ասաց Գալստյանը:

Բնապահպանները նաև իրավական բացեր են նկատել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում։ Ջերմուկցի բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը շեշտում է, որ «Սևանի մասին» օրենքով լճի ջրահավաք ավազանում խստիվ արգելվում է ցանկացած արդյունահանություն, թափոնների տեղադրում, վերամշակում և այլն․ - «Եվ պատահական չէ, որ 2012 թվականին Սևանի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Եվ դրա վերաբերյալ առաջին փորձաքննության եզրակացության մեջ նշված է որպես պարտադիր պայման, որ երաշխիքներ ներկայացվեն, որ Սևանը չի աղտոտվելու: Դրանից հետո չգիտեմ ինչ արեցին, որ նորից դիմեցին Սևանի հանձնաժողովին և ստացան դրական եզրակացություն»:

Հանձնաժողովի եզրակացության փոփոխության հետևում իրավաբանը տեսնում է «պետական պատվեր»՝ պնդելով, թե կառավարության բոլոր որոշումները, փորձաքննական եզրակացությունները ակնհայտորեն հարմարեցված են ծրագրին․ - «Ամեն ինչ անում է կառավարությունը, որ հասարակության բերանը փակի և ասի, որ այդ խնդիրը լուծված է։ Դրա համար մենք գալիս ենք եզրակացության, որ սա պետական պատվեր է»:

Բնապահպանների մտահոգությունները, սակայն, չեն կիսում Ամուլսարի հանքավայրը շահագործող բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ»-ի դուստր ընկերությունում՝ «Լիդիան Արմենիա»-ում։

Ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռիսկերի գնահատում են իրականացրել՝ եզրակացնելով, որ Սևանին որևէ վտանգ չի սպառնում․ - «Էդ փաստաթղթերը, մասնավորապես ՇՄԱԳ-ը՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունը, մի քանի անգամ հանձնվել է Սևանի տեխնիկական պաշտպանության հանձնաժողով, վերջին երկու անգամն էլ դրական եզրակացություն է ստացվել՝ համապատասխան փոփոխություններ նախագծում կատարելուց հետո»:

«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ հանքավայրի շահագործման ծրագիրը իրականացվում է օրենքին համապատասխան:

Անցած ուրբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անձամբ էր ներկա գտնվել հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը։ Կառավարությունը իր հաղորդագրությունում նշել էր, որ սա Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

«Լիդիան ինթերնեյշնլ»-ը, որը գրանցված է Լա Մանշի կղզիներից մեկում, իսկ կենտրոնակայանը տեղակայված է ԱՄՆ-ում՝ Կոլորադո նահանգում, ներդրումների մեծ մասը ներգրավել է անցած տարվա վերջին հենց ամերիկյան ընկերություններից:

Ընկերության գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսընը «Ազատության»-ը անցած շաբաթ հայտնել էր, որ արդյունահանումը կսկսվի հաջորդ տարեվերջին, և ընկերությունը ոսկի կստանա 2018-ի առաջին եռամսյակում:

Բնապահպանները, սակայն, կարծում են, որ ծրագիրը հնարավոր կլինի չեղյալ հայտարարել հանրային բողոքի ալիք բարձրացնելու միջոցով:

«Պետք է ստեղծվի, ձևավորվի քաղաքացիական բողոք, և այս քաղաքացիական բողոքի արդյունքը պետք է լինի այս ծրագրի չիրագործումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

XS
SM
MD
LG