Մատչելիության հղումներ

Հաջորդ տարի հավանաբար կմեկնարկի Ամուլսարի ոսկու արդյունահանման վիճահարույց ծրագիրը


«Լիդիան» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը «Ազատության» տաղավարում, 15-ը դեկտեմբերի, 2017 թ․
«Լիդիան» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը «Ազատության» տաղավարում, 15-ը դեկտեմբերի, 2017 թ․

Ակնկալվում է, որ հաջորդ տարի կմեկնարկի բնապահպանների շրջանում լուրջ մտահոգության առարկա դարձած՝ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը: Չնայած բնապահպան ակտիվիստների ու մի շարք գիտնականների կողմից բարձրաձայնվող մտահոգություններին՝ հանքարդյունահանման թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերությունը պնդում է՝ բարձրացված աղմուկն անտեղի է, «վախեր տարածելն էլ» չի բխում ոչ մեկի շահերից:

«Ազատության» հետ բացառիկ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շեշտեց, որ իրենք, այդուհանդերձ, շատ լուրջ են վերաբերում այն մտահոգություններին, թե նշված հանքավայրում ոսկու արդյունահանման հետևանքով կվտանգվի շրջակա բնակավայրերում ապրող մարդկանց առողջությունը և լուրջ վնաս կհասցվի էկոհամակարգին: Սթիվենսոնը պնդում է՝ երկար ժամանակ ու զգալի միջոցներ են ներդրել՝ հասկանալու և վերլուծելու, թե ինչպես են շահագործելու հանքը:

«Ինչ վերաբերում է ցիանիդին, նշեմ, որ ողջ աշխարհում այն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ: Ամուլսարը չի լինելու առաջին հանքավայրն աշխարհում, որտեղ ցիանիդ է օգտագործում, և Ամուլսարն անգամ Հայաստանում առաջին հանքավայրը չի լինելու, որտեղ ցիանիդ է օգտագործվում, որովհետև այն Հայաստանի հանքարդյունաբերության մեջ արդեն օգտագործվում է:

Շատ կարևոր է հասկանալ՝ մեր այս ծրագիրն այնպես է կառուցված, որը կոչվում է «Զրո արտահոսք ունեցող ծրագիր», այսինքն ոչ մի ցիանիդ պարունակող հեղուկ երբևէ բաց չի թողնվելու շրջակա միաջավայր: Կարևոր է նաև հասկանալը, որ ցիանիդն ինքը թանկարժեք նյութ է, ցիանիդ պարունակելու է ոսկին, հետևաբար՝ մեր տնտեսական շահերից է նաև բխում այնպես անել, որ որևէ արտահոսք չլինի:

Ցիանիդի օգտագործումն աշխարհում իրականացվում է շատ լավ զարգացած ու լավ մշակված տեխնոլոգիայով, ընդ որում՝ ոչ միայն հանքարդյունաբերության մեջ: Ցիանիդն օգտագործվում է արդյունաբերության բազմաթիվ այլ ճյուղերում: Սա ցիանիդի մասին:

Այժմ Ջերմուկի մասին խոսենք: Վստահ եմ՝ դուք եղել եք Ջերմուկում, խմել եք ջուրը, և բոլորս հասկանում ենք, որ այդ ջուրը, ջրային պաշարները շատ կարևոր են բոլորի համար Հայաստանում: Մենք լայնածավալ ուսումնասիրություններ ենք իրականացրել Ջերմուկի ջրերի հետ կապված: Այդ ուսումնասիրությունները ևս իրականացրել են միջազգային անկախ փորձագետները, և ասեմ, որ Ջերմուկը 10 կմ հեռավորության վրա է գտնվում մեր ծրագրի իրագործման վայրից:

Մեր ծրագիրն ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա, Ջերմուկի վրա՝ նույնպես: Ինչ վերաբերում է Սևանին: Սա դարձյալ շատ կարևոր, զգայական խնդիր է հայ ժողովրդի համար: Մենք աշխատել ենք Հայաստանի կառավարության հետ, Սևանի կոմիտեի հետ, շրջակա բնակչության հետ, նաև այն մարդկանց հետ, ովքեր Սևանով մտահոգ են:

Պետք է ասեմ, որ մեր ենթակառուցվածքները գտնվում են Սևանի անմիջական ազդեցության գոտուց դուրս, ինչպես որ օրենքի պահանջն է: Եվ նույնիսկ, եթե տեսականորեն ինչ-որ մի պատահար կամ միջադեպ լինի, որևէ ռիսկ, որ դա որևէ կերպ կազդի Սևանի վրա, չկա»,- «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց «Լիդիան» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Պնդումներ կան, որ տարածքում թթվային դրենաժի սպառիչ ուսումնասիրություն չի արվել: Սթիվենսոնը պատասխանում է՝ Հայաստանը վատ փորձառություն ունի հանքավայրերից ջրերի բացթողնման հետ կապված, և կարծում է, որ թերահավատության պատճառներից մեկը հենց դա է: Ընդգծում է՝ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրութունների վրա: Օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից: Սթիվենսոնը նաև խոստանում է՝ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները:

Փորձագետները չեն հավատում «Լիդիանի» պնդումներին և մատնանշում հնարավոր «ավերիչ» ու «անհաշվելի» հետևանքները

Հանքի շահագործման դեմ արտահայտվող բնապահպան Լևոն Գալստյանն ու երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, մինչդեռ, չեն հավատում այդ խոստումներին և պնդում են՝ Ամուլսարը շահագործողը «բառախաղի միջոցով» փորձում է թաքցնել շրջակա միջավայրին հասցվելիք վնասի իրական չափը: Ուշագրավ է, որ նույն հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում՝ կողմերը տարբեր եզրահանգումների են եկել:

Լևոն Գալստյանը և Արմեն Սաղաթելյանը «Ազատության» տաղավարում, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․
Լևոն Գալստյանը և Արմեն Սաղաթելյանը «Ազատության» տաղավարում, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․

Խնդրով մտահոգվածները համառորեն պնդում են՝ վտանգ կա, որ Ջերմուկում, Սևանում ջրերը ծանր մետաղներով կլցվեն, այլևս պիտանի չեն լինի օգտագործման համար, հարվածի տակ կդրվի շրջակայքում ապրող մարդկանց առողջությունը:

«Ես հավատում եմ, որ իրենք կարող են շատ լավ տեխնոլոգիա կիրառել, և եթե վթար չլինի, ոչ մի ցիանիդի վտանգ չի լինի, չնայած դա շատ սոսկալի թույն է: Բայց դա չէ հանքավայրի շահագործման վտանգը: Վտանգը թթվային դրենաժն է, որն իրենք կառավարելու ոչ մի տեխնիկական միջոց չունեն»,- «Ազատությանն» ասաց Արմեն Սաղաթելյանը: Լևոն Գալստյանն էլ հավելեց․ «Ցիանիդն իրենք օգտագործում են ոչ թե նրա համար, որ անվտանգ է, այլ կիրառում են միայն էն պատճառով, որովհետև միայն ցիանիդային եղանակով է հնարավոր էս տիպի աղքատ հանքավայրերը շահագործել ու շահութաբեր դարձնել:

Եվրոպական բազմաթիվ երկրներում էս տիպի հանքավայրերի՝ ցիանիդով շահագործումն ընդհանրապես արգելված է, որովհետև իրենց գիտեն՝ դա էժան մեթոդ է, բայ մեծ վտանգավորություն է իրենից ներկայացնում: Էնպես որ՝ մանիպուլյացիա է արվում էս ամեն ինչն ուղղակի չիմացողների համար, մեկ էլ կառավարության ականջներին մակարոն կախելու համար»:

«Լիդիան» ընկերության նախագահը թեև «հասկանում է մարդկանց մտահոգությունները», բայց կարծում է, որ դրանց մի զգալի մասը հիմնված է ոչ բավարար տեղեկատվության վրա: Մեր դիտարկմանը, որ ընկերության բացատրություններն, այդուհանդերձ, չեն գոհացնում հատկապես խնդրին ծանոթ մարդկանց, Սթիվենսոնը պատասխանեց՝ նոր տեխնոլոգիաներ են բերվելու, որոնք մինչև այժմ չեն կիրառվել Հայաստանում և որոնք բնապահպանական տեսանկյունից ավելի արդյունավետ են: Նաև պնդեց՝ «Ամուլսարը» լինելու է ժամանակակից, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան հանքարդյունաբերական ծրագիր, որը տնտեսական լուրջ օգուտներ է տալու տարածաշրջանին:

«Այո, ես շարունակում եմ միանշանակ պնդել, որ Ամուլսարի հաջողությունը նաև Հայաստանին է հաջողություն բերելու, որովհետև մեր դրական տնտեսական ազդեցությունն այս երկրում զգալի է լինելու: Ծրագրում աշխատողների մեծ մասը հայեր են, նրանք շատ հպարտ են իրենց երկրով և ցանկանում են, որ մենք ճիշտ ու պատշաճ անենք այն, ինչ անում ենք: Եվ այն մարդկանց, ովքեր մտահոգություն ունեն, ես կարող եմ ասել հետևյալը՝ շարունակեք պահանջել մեզանից, որ մենք ամեն ինչ ճիշտ անենք, մենք ընդունում ենք ցանկացած հարց, նաև բարդ հարցեր և պատրաստ ենք դրանց պատասխանել: Նաև կխնդրեի, որ նկատեիք այն լավը, որ մենք անում ենք, որովհետև մեր ծրագրում լավ բաները շատ են»,- ասաց Սթիվենսոնը:

Հանքի շահագործման դեմ արտահայտվողներն այս խնդրի հետ կապված էլ հակափաստարկներ ունեն: Ըստ նրանց՝ օգուտները կարճաժամկետ են լիելու, իսկ վնասի չափը՝ անհաշվելի: Լևոն Գալստյանն ասում է․ «Երբ Ջերմուկը կորցնի իր 50-60 տարվա համբավը, կորցնի հանքային ջրերի բաղադրությունը, աղտոտվեն ջրերը, հողային տարածքները, էդ մարդիկ հետո ինչո՞վ են զբաղվելու: Կարողանալու՞ են զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, առողջարանային բիզնեսով, մարդիկ կցանկանա՞ն գալ՝ Ջերմուկում հանգստանալ, թե չէ: Այդ հարցի պատասխաններն ո՞վ ունի, ո՞վ է գնահատել»:

«Օրենսդրությունը չի ենթարկում էս կազմակերպություններին էկոլոգիական ռիսկի պատասխանատվության: Իրենք կարող են 3 տարի հետո հայտարարել, որ իրենք սնանկ են ու գնալ հանրապետությունից, թողնելով ամեն ինչ ավերված»,- ասաց Արմեն Սաղաթելյանը:

«Լիդիանը» հայտարարում է, որ Ամուլսարի 10 տարվա որոնողահետախուզական, հորատման աշխատանքների ընթացքում պարզվել է՝ Ամուլսարն ունի առնվազն 70 տոննա ոսկու պաշար: Մինչդեռ՝ բնապահպանները պնդում են, թե դա միֆ է՝ ներդրողներին հրապուրելու համար: Հանքարդյունաբերական ընկերությունում ակնկալում են, որ հետագա որոնողահետախուզական աշխատանքների արդյունքում ոսկու ավելի մեծ պաշար կհայտնաբերվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG