Մատչելիության հղումներ

Վաղը ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը


Կառավարության առաջարկությամբ վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի Հանրապետական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Գործադիրի արտահերթ նիստում այսօր վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին Երկրապահ կամավորական միության ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների համար:

«Մենք գործ ունենք թերևս Երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Եվ սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը սիստեմատիկ կերպով թալանվել է, այդ պնդումները հիմնավորվում են, և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն», - հայտարարեց վարչապետը:

Երկու օր առաջ՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու համար: Երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ առկա կասկածների, Գրիգորյանը ներգրավված է եղել նաև բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:

Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության ժամկետը լրանում է վաղը, պատգամավորի նկատմամբ հետագա քրեական հետապնդման համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը:

Գործադիրի նիստում այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ առկա են հիմքեր Մանվել Գրիգորյանին կալանավորելու համար․ - «Քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս քրեական հետապնդում իրականացնելու: Միևնույն ժամանակ, ձեռք բերված տվյալները վկայում են նաև մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու»:

Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծաթիվ զենք, ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Ավելին՝ հրապարակված տեսանյութում երևում են նաև դպրոցականների կողմից բանակի համար հավաքված օգնության տրցակներ՝ աշակերտների կողմից զինվորներին ուղղված նամակներով:

ԱԱԾ տնօրենը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ իրենք խուզարկությունների արդյունքներից անակնկալի չեն եկել ու տեղյակ էին, թե ինչ է սպասվում․ - «Մենք երբևիցե չենք գնում ինչ-որ մի տեղ ձևական: Մենք գնում ենք՝ հստակ ունենալով օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ մենք համոզվում ենք նախօրոք: Ազգային անվտանգության ծառայությունը որ րոպեին բացահայտվում է և սկսում է գործել, դուք իմացեք, որ այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան»:

Խուզարկության արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կառույցներում գտնվել էին նաև «Զինվորի բաժին» գրությամբ սննդատեսակներ, որոնք միայն բանակի համար են մատակարարվում: Ըստ ԱԱԾ տարածած տեսնայութի, այդ սնունդը զինվորների փոխարեն բաժին է հասել Գրիգորյանին պատկանող արջերին ու այլ կենդանիներին:

«Բնապահպաններին կոչ եմ անում՝ թող գնան այն արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետև էլ մսի պահածո չկա, որ ուտեն: Կարող ա սովածանան», - ասաց Վանեցյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ բանակակային սնունդ Երկրապահ կամավորական միությանը պարբերաբար օրինական ճանապարհով փոխանցել է․ - «Երկրապահ կամավորական միությունը արդեն շուրջ քսան և ավելի տարիներ ամենամյա բանակումներ է իրականացնում ակտիվ պահեստազորի, որի ժամանակ դիմում է Պաշտպանության նախարարությանը և ստանում է տարբեր տեսակի պիտույքներ: Սա մեկ: Երկրորդը, ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում, և Պաշտպանության բանակի պաշտոնական մատակարարման վրա են եղել: Այսինքն հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Հիմա կոնկրետ էս երկու ճանապարհներից ո՞ր մի մասի պիտույքների, սննդի և մնացածի մասին է խոսքը, որը գտել են, դա չեմ կարող ասել: Դա ցույց կտա քննությունը»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանը նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Այդուհանդերձ ԱԱԾ-ն արդեն հասցրել է իրականացնել մի քանի աղմկահարույց բացահայտում:

Հարցին, թե արդյոք չունի մտավախություն իր և վարչապետ Փաշինյանի անվտանգության համար, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ - «Չասենք մտավախություն: Կարան լինեն ինչ-որ բաներ․․․ Անկեղծ ասած, ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր իմ մասով փորձում են․․․ վնասազերծեն մեզ: Բայց չի ստացվի: Վարչապետի հետ էլ նույնն ա, բայց, կարծում եմ, ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ․․․»

ԱԱԾ տնօրենն այսօր նաև վստահեցրեց, որ իր գլխավորած կառույցը «ռեպրեսիաներով չի զբաղվում», և առանց ստույգ տվյալների՝ այլ պաշտոնյաների տներում ստուգումներ չեն իրականացվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG