Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած տեսանյութը դիտելուց հետո Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցուցաբերել։ Այս մասին փաստաբանը հայտնեց «Ազատության» հետ զրույցում:
«Գործը ստանձնելու պահին այդ հանգամանքներն ինձ հայտնի չէին։ Էդ խնդիրը նոր է ի հայտ եկել, նպատակահարմար չեմ համարում գործը շարունակել։ Ես անակնկալի եկա վարչապետի հայտարարությունից հետո, ԱԱԾ տեսանյութը տեսնելուց հետո առավել ևս անակնկալի եկա։ Իմ առաջարկով ձևակերպվեց պաշտպանի լիազորությունների դադարեցման համապատասխան արձանագրություն, որը նաև Մանվել Գրիգորյանի համաձայնությամբ էր», - ասաց փաստաբանը:
Հարցին, թե այսօ՞ր է այդ որոշումը կայացրել և Մանվել Գրիգորյանին տեղյա՞կ է պահել ԱԱԾ տեսանյութի մասին, Անանյանը արձագանքեց, որ, այո, տեղեկացրել է ԱԱԾ տեսանյութի մասին և ներկայացրել է իր դիրքորոշումը, որից հետո արդեն դադարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուց։
Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում ասված էր, մասնավորապես, որ «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել էր, որ «զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որևէ ներման»: