Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող խնդիրը «այլևս բացառապես իրավական դաշտում է», - Ֆեյսբուքում գրում է Հանրապետականի փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Կիրակի երեկոյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից Գրիգորյանին պատկանող շինություններում ու տարածքներում խուզարկության արդյունքների վերաբերյալ հրապարակված աղմկահարույց տեսանյութը մատնանշելով՝ Աշոտյանը գրում է․ - «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»։
«Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին», - ամփոփում է Հանրապետական կուսակցության փոխնախագահը:
Հիշեցնենք, ԱԱԾ-ի հաղորդագրությունում ասված էր, մասնավորապես, որ «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:
Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Սահմանադրությամբ սահմանված կարգով, պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահը: Նույն օրը հրապարակած հայտարարությունում Հանրապետականը ապօրինի էր որակել գեներալի ձերբակալությունը և հորդորել անհապաղ ազատ արձակել նրան:
Նշենք, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար պահանջվում է խորհրդարանի 105 պատգամավորներից 53-ի քվեն: