Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը ցնցված են ԱԱԾ բացահայտումներից


ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանի ամառանոցում, 17-ը մարտի, 2018թ.
ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանի ամառանոցում, 17-ը մարտի, 2018թ.

«Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որն առաջադրվել է Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ», - ասված է Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժն այսօր տարածած հաղորդագրությունում, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած աղմկահարույց տեսանյութին, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, պատկերված են Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը հայտնաբերված զինծառայողների համար նախատեսված սննդամթերքն ու ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նախատեսված օգնությունը, ընդգծում է՝ «խորը ցավով և զայրույթով են ծանոթացել այդ տեսանյութին»:

«Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է», - ասված է հայտարարության մեջ:

«Եթե հորս տղեն էլ նման բան աներ, ինձ համար դա դատապարտելի է»

​«Ազատության» հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես շեշտեց՝ վրդովմունք և ափսոսանք է ապրել այդ կադրերից:

«Բնականաբար, այն, ինչ-որ հրապարակվեց, մի բառով ասելը շատ դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն... եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ, որ դրան արդարացում չկա։ Ես նույնիսկ պետբյուջեից մի լումա գողանալուն եմ համարել դավաճանություն, էլ չեմ ասում բանակից։ Եթե հորս տղեն էլ նման բան աներ, ինձ համար դա դատապարտելի է։ Խաչիկյան Վազգենն իմ քավորն է եղել ու կա, բայց երբ որ պարզվեց դատարանի վճռով, որ ինքը մեղավոր է, ես նշել եմ՝ «ինքն իմ ընկերն է, ես իր հետ իմ մարդկային հարաբերությունը կպահպանեմ, որ պահպանում եմ, բայց օրենքով սահմանված կարգով ով բյուջեից մի կոպեկ գողացել է, նա պետք է իր պատիժը կրի», - ասաց Շարմազանովը։

«Ես կողմ եմ քվեարկելու Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն»

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշում կայացրեց վաղն առավոտյան խորհրդարանի արտահերթ նստում քննարկել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:​

​Դեռևս պարզ չէ արդյոք Հանրապետականները կողմ կքվեարկեն գեներալին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությանը։

Ամեն դեպքում Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կողմ կքվեարկի և դա նվազագույն է, որ կարող է անել։

«Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն, որովհետև կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ չկա երկրորդ կարծիք և այս առումով կարծում եմ, որ ես անում եմ այն նվազագույնը, որը պետք է անել, որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրվեն և հանրությունը ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները», - ասաց Արփինե Հովհաննիսյանը։

«Ուղեղի մեջ չի տեղավորվում​»

​Ի դեպ խորհրդարանում այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշում էին, թե շոկ են ապրել Ազգային անվտանգության ծառայության երեկ հրապարակած կադրերից։ Ավելին՝ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Ազատության» հետ զրույցում անգամ հուզվեց՝ չկարողանալով թաքցնել արցունքները, երբ խոսում էր ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված դպրոցականների նամակների մասին, որոնք այդպես էլ տեղ չեն հասել և հայտնվել են գեներալին պատկանող պահեստում։

Ռուստամյան. - Ցավը նաև այն է, երբ որ մենք էդ օրերին գտնվում էինք առաջին գծում և մենք ունեցանք առիթ այստեղ քննարկելու ապրիլյան պատերազմի հետքերը և նրա հետևանքները, մենք այստեղ ներկայացրեցինք այն պահածոյի բանկաները՝ տուփերը, որոնք որ մեզ փոխանցել էին հենց էդ զինվորները, որ ուտելի չէր ուղղակի դա, այսինքն՝ փաստորեն մեր զինվորներն էդ օրերը ստացել են պահածոյի այնպիսի տեսակներ, որոնք ոչ միայն հնացած, այլև ուտելի չէր, իրենց պարզ խոսքով ասում էին՝ «գցում ես շան դեմը, շունը չի ուտում», առաջնագծից բերված բաներն եմ ասում էդ օրերին, կոշիկներ և այլն, կապի միջոցներ այդ վիճակների մասին այստեղ խոսակցություն եղել է, և հիմա, երբ որ հետ ես գնում, պարզվում է, որ այսքան ապրանք կար, որոնք հասցեավորված էին ծառայող զինվորներին, ուղղակի ապշում ես, ուղեղի մեջ չի տեղավորվում։

«Ազատություն». - Ինչո՞ւ էր Գրիգորյանն այդ քայլին գնացել, ինչո՞ւ էր այդ ամենն ամբարել իր մոտ։

Ռուստամյան. - Ես չեմ ուզում բարոյախոսություն դառնա իմ ասածը, իսկապես շատ մեծ ցավ եմ ապրում. առաջին հերթին նրանք պետք է պատասխան տան այդ երեխաներին՝ նամակները, որ պահել են, ինչո՞ւ են պահել այդ նամակները, ի՞նչ պիտի պատասխանեն, չգիտեմ։

«Ազատություն». - Կարծում եք, որ այդ նամակները պետք է հավաքվեն և ուղարկվեն զինվորների՞ն՝ թեկուզ ուշացումով։

Ռուստամյան. - Իհարկե։

«Ազատություն». - Հուզված եք Դուք պարոն Ռուստամյան, իսկապես Ձեզ վրա այդքան ծանր ազդեցությո՞ւն են թողել այդ նամակները հատկապես։

Ռուստամյան. - Երևույթը։

«Դա ուղղակի խայտառակություն էր​»

Ի դեպ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ դեռևս 2016-ին գրված դպրոցականների նամակները պետք է հավաքվեն և ուղարկվեն հասցեատերերին, որպեսզի երեխաները հասկանան, որ երկրում արդարություն կա:

Հարությունյան. - Դա ուղղակի խայտառակություն էր, այդտեղ զենքերը մի կողմ կարող ենք դնել, սնունդը մի կողմ կարող ենք դնել, էդ նամակների ցուցադրությունն ուղղակի ինձ ապշեցրել էր։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ նամակները, որոնք այդպես էլ զինծառայողներին չեն հասել, հավաքվեն և թեկուզ մի քանի տարի ուշացումով ուղարկվեն։

Հարությունյան. - Իհարկե, դրանք պետք է հասցեատիրոջը հասնեն, և այդ երեխաները հասկանան, որ երկրում արդարություն կա։

«Ազատություն». - Այդ նախաձեռնությամբ հանդես գալո՞ւ եք։

Հարությունյան. - Ես կարծում եմ, որ կառավարությունն արդեն նման քայլ պետք է անի, որ այդպես լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG