Մատչելիության հղումներ

Զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որևէ ներման․ Փաշինյան


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Վարչապետի խոսքով, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:

Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երկրապահ կամավորական միության» ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը:

«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու հետ: Այլ կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել Ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունը յուրացնելու և գողանալու մեջ:

Օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ արջերին, վագրերին և այդպես շարունակ: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնություններ, բանակին ուղարկված օգնություններ, և այս կասկածները հիմնավորվում են նրա տանը և նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը շարունակեց․ - «Ոչ մեկ չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է: Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երևանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող ու ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ և դրանով կերակրել սեփական կենդանիներին:

Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, որևէ անձի, բայց ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ ձերբակալությունը կապված չէ միայն զենք, զինամթերք պահելու կասկածների հետ:

Բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաև բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ավտոմեքենաներ:

Բացի այս, այսօր, երբ մեր բանակը նաև սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչու պիտի մի մասնավոր անձի տակ լինի ահռելի քանակի ապօրինի զենք, զինամթերք:

Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, էսպիսի երևույթներ չեն լինելու՝ անկախ նրանից ովքեր են հեղինակը», - եզրափակեց վարրապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց,որ առաջիկայում ԱԱԾ կհրապարակի համապատասխան նյութերը:

Հիշեցնենք, հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Ազգային Անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդագրության համաձայն, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք», - ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում:

Մանվել Գրիգորյանը այսօր բողոքարկում է իր ձերբակալման որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG