Մատչելիության հղումներ

Դեղորայքի վաճառքի նոր կարգը «նպաստում է ոլորտում ստվերի աճին»


«Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությամբ այսօր կայացած խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ առանց դեղատոմսերի դեղերի վաճառքն արգելելը նպաստում է ոլորտում ստվերի աճին:

Մասնավորապես, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը («Ծառուկյան») մտավախություն հայտնեց, որ «արգելված դեղերը շատ արագ կհայտնվեն սև շուկայում»․ - «Դուք արգելելով՝ ստեղծել եք ստվերային հնարավորություններ: Երեկ մամուլում արդեն լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել են քաղաքացիների, հիվանդներ, որոնք ստացել են համապատասխան դեղերը, չեն ընդունել այդ դեղերը, այլ հանել են վաճառքի սև շուկայում: Ինչո՞ւ: Որովհետև այդ դեղերը այլևս դեղատոմսով են, և ձեռնտու է դա կես գնով վաճառել քաղաքացիներին: Շատ արագ հասարակությունը արձագանքում է որոշման բացթողումներին»:

Վերջին ամսվա ընթացքում հանրության շրջանում անհանգստության ալիք բարձրացրած «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի» շուրջ քննարկմանը ներկա չէր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Մտահոգությունները փարատելու նպատակով փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էր բացատրություններ տալիս: Ստվերի աճի մասին խոսելիս՝ փոխնախարարն ընդգծեց, որ երբ այս կարգը չկար, նախարարությանը մեղադրում էին շուկայում վերահսկողություն չիրականացնելու համար․ - «Մեզ անընդհատ քննադատում էին, որ մենք վերահսկողություն չենք իրականացնում, և դեղերը, որոնք պիտի դեղատոմսով դուրս գրվեին, ազատ վաճառքի են հանված: Էս պարագայում, ես կարծում եմ, որ Կառավարության այս որոշումը, դրա վատ կամ լավ լինելը պայմանավորված է մի շարք շահագրգիռ խմբերի վրա ուղղակի ազդեցություն ունենալու հետևանքով»:

Մոտ 4 ժամ տևած քննարկման ընթացքում շեշտվեց, որ Կառավարության այս որոշման նպատակները գուցե բարի են, բայց թերի: Այն առաջացնում է խուճապ հասարակության, բուժհաստատությունների և դեղատների աշխատակիցների շրջանում: Ի վնաս Հայաստանի, համեմատականներ արվեցին Վրաստանի հետ, բազմիցս ընդգծվեց դեղերի ապօրինի վաճառքի վտանգների մասին: Պնդումներ հնչեցին, որ Հայատսանը դեռ պատրաստ չէ այս մոտեցմանը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան») իր ելույթում ընդգծեց, որ նախարար Ալթունյանի ներկայությունն էր այստեղ կարևոր, որ լսեր ու մտածեր այդ մտահոգությունների շուրջ: Մինչդեռ վերջինս, ըստ պատգամավորի, պարզապես արհամարհել է լրջագույն այս հարցի շուրջ քննարկումը․ - «Այսպես ասած՝ պատվից ցածր են համարում գալ էստեղ, պատասխանել լրջագույն հարցերին: Երբ որ առողջապահության համակարգում էսօր մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցը մենք անպայմանորեն կքննարկենք և կբարձրացնենք»:

Անդրադառնալով բուն խնդրին՝ Զոհրաբյանն շեշտեց, թե համակարգային մոտեցում էր պետք ցուցաբարել առողջապահական ոլորտի խնդիրներին, այլ ոչ թե սկսել վերջից:

Պատգամավորը նաև վստահ է, որ Կառավարության որոշման տակ նաև այլ վտանգներ են թաքնված․ - «Սրանով մենք դեղի մաֆիայի համար կանաչ ճանապարհ ենք բացելու: Որովհետև գաղտնիք չէ, որ մենք ունենք բազմաթիվ, այսպես ասենք՝ դեմքեր, ովքեր իրենք դեղ են ներկրում, իրենք հիվանդանոցներ ունեն, իրենց ունեն ապտեկաներ, ուրեմն իրենց հիվանդանոցներում ուղղորդելու են դեպի էն դեղատները, որտեղ իրենց հիվանդանոցին պատկանող բժիշկը գրելու է էն դեղի անունը, որը տվյալ օլիգարխը ներկրում է ինքը անձամբ: Ո՞վ չի հասկանում, թե ինչի է տանելու, ինչ մոնոպոլիայի է տանելու այս համակարգը»:

«Մեկ բացասական ասելուց մի մոռացեք 10 դրականը ևս նշել»,- բոլոր կոշտ հարցերին արձագանքեց փոխնախարար Խաչատրյանը՝ ընդգծելով, թե պետք չէ խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխել․ - «Խնդիրը նրանում ա, որ մի մասը բժիշկների ուզում ա, որ կոռուպցիոն ռիսկերը մնան ընտեղ, որտեղ որ կան․․․ Ես էլ էդպես եմ գնահատում: Իրավաբանական միությունը ասում ա, որ կոռուպցիոն ռիսկերը չեն գնահատել: Հիմա ա գնահատված, հիմա ա էդ կոռուպցիոն ռիսկերը էնտեղ, երբ որ ուղղորդում են: Դուք ուզում եք, որ մնա էնտե՞ղ: Եթե դեղատոմսի դուրս գրումը կատալիզատոր ա հանդիսացել և ցուցադրել ա որոշակի խնդիրներ, ես ձեզ հավատացնում եմ, էդ խնդիրների լուծման մասին մենք մտածում ենք: Եթե ուզում եք էդ խնդիրը լուծել, էկեք լուծենք»:

Հայաստանում գրանցված 4 հազարից ավելի դեղերի ուղիղ կեսը հոկտեմբերից վաճառվելու է արդեն միայն դեղատոմսով:

Հիշեցնենք, Կառավարության վերջերս որոշում էր ընդունել, համաձայն որի մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար քաղաքացին պետք է բժշկի դեղատոմս ունենա։ Մեկ շաբաթ անց, սակայն, որոշվեց փոփոխությունն իրանացնել փուլերով, ինչը ևս դժգոհության ալիքի պատճառ դաձավ:

Մասնագետները վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար նշում են, որ այս փոփոխությունները շատ հապճեպ են արվել, առանց հասարակությանը պատրաստելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու:

Այսօր մի շարք պատգամավորներ ուշադրություն հրավիրեցին հենց խնդրի վրա:

«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը վրդովված ասաց, թե միջազգային փորձի մասին խոսելու փոխարեն, լավ կլիներ նախարարությունը կտրված չլիներ հանրությունից․ - «Դուք հասարակության մեջ մտե՞լ եք, հանրության կարծիքը լսե՞լ եք․․․ Ստացվում է, որ մեր Կառավարությունը միշտ կտրված է ժողովրդից»:

Փոխնախարարի արձագանքը․ - «Առողջապահական դեմոկրատիան ունի և՛ դրական, և բացասական երևույթներ: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ հապճեպություն այս հարցում չի եղել: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք միջազգային փորձը և որոշում ենք կայացրել՝ բացառապես հիմնվելով օրենքի տառին»:

Պատասխանը չբավարարեց Պետրոսյանին․ - «Ամեն ինչում ասում եք՝ միջազգային փորձ․․․ Որևէ երկրում ոչ մեկի հիվանդին չեն ասում՝ մինչև բարեկամդ չգա, մեզ չհանդիպի, դու մեր հիվանդանոցում չես կարա [բուժվես]: Բա էս բաներն էլ սովորեք արտասահման երկրներից»:

«Ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք՝ որպես լիազոր մարմին, մեր հանրությանը, մեր ժողովրդին, մեր բնակչությանը թողնել անպաշտպան դեղերի սխալ օգտագործումից», - նոր փաստարկ բերեց Առողջապահության փոխնախարարը:

Խորհրդարանական լսումներին մասնակիցները պնդում էին, որ այս հարցում տեղեկատվության պակաս կա՝ պահանջելով նախարարությունից ավելի բաց, հստակ ներկայացնել փոփոխությունները: Մտահոգութոյւն կա, որ բուժաշխատողները կարող են գումար պահանջել դեղատոմիս համար, հրատապ դեպքերում դեղատոմս ձեռք բերելը դառնա խնդիր:

Փոխնախարար Խաչատրյանը պնդեց, որ դեղատոմսի դուրսգրումն անվճար է: Ոչ մի դեղատոմսի տակ կնիք չի պարտադրվում: Հավելեց՝ դեղատոմսը պատասխանատվություն է բժշկի և դեղատան համար: Դեղատոմսով դուրս գրված ցանկացած դեղի միջոցով կարելի է հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցել այդ դեղը մինչև դեղատուն հասնելը, նաև՝ վերհանել բոլոր մտահոգությունները կեղծ դեղերի վերաբերյալ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG