Այո', դա փաստ է, որ բժիշկների մի մասը դեղեր արտադրող ընկերությունների հետ համագործակցելով հավելյալ գումարների վաստակման խնդիր է լուծել, այսօր «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
«Դա տեղի է ունեցել ավելի շատ մի քանի տարի առաջ։ Հենց 2015 թվականին էր կարծեք, որ մենք սրա մասին խոսեցինք և, մեր գնահատակններով, էդ ծավալները զգալի նոսրացել են, քչացել են։ Ես Ձեզ կարող եմ ասել, որովհետև այդ կազմակերպությունն արդեն չկա, մենք նույնիսկ տեղյակ էինք, որ կար մի կազմակերպություն, որը որոշ բժիշկների կրեդիտ քարտեր էր բաժանել և այդ գումարն ուղղակի փոխանցում էր էդ հաշիվների վրա, հիմա այդ կազմակերպությունը փակվել է», - ասաց նախարարի տեղակալը՝ նշելով. - «Ցավոք սրտի, այո՛, դա աշխատող մեխանիզմ է»։
Խաչատրյանը նշեց, որ այն ժամանակ նման դեպքերի համար նախատեսված պատիժ չկար։
«Չկար օրենքի քրեականացում, չկար պատիժ նախատեսված, չկար որևիցե տուգանք և չկար որևիցե կերպ այդ գործընթացին հետամուտ լինելու և կանխարգելիչ ձևով պատժելու մեխանիզմները, հիմա նոր օրենքով շարադրված ամբողջ նյութը նաև Քրեական օրենսգրքով, նաև այլ օրենքներով որոշակի տուժերի, տուգանքների հնարավորություն է տալիս, որը որ տեսչական մարմնի միջոցով կիրականացվի», - ասաց առողջապահության նախարարի տեղակալը։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.