Մատչելիության հղումներ

Նախարարությունը հստակ չի բացատրում, թե ինչո՞ւ վերանայվեց միայն դեղատոմսով դեղերի վաճառքի որոշումը


Առողջապահության նախարարությունը այդպես էլ հստակ չի բացատրում, թե ինչու դեղորայքի մեծ մասը դեղատոմսով ձեռք բերելու պահանջից գրեթե մեկ շաբաթ անց պաշտոնյաները մտափոխվեցին, և այսօրվանից դեղերի ավելի քան 80 տոկոսը կարելի է գնել առանց դեղատոմսի։

«Սկզբնական որոշումը կայացվել էր, որ ստարտը կտրվի մարտի 1-ին, հետո արդեն հաշվի առնելով այս֊այս֊այս հանգամանքները՝ որոշում է կայացվել եռափուլ սարքել ներդրումները», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Կառավարությունը նախ հայտարարել և իրազեկել էր, որ Հայաստանում գրանցված դեղորայքի ավելի քան 55 տոկոսը մարտի 1-ից վաճառվելու է միայն դեղատոմսով, սակայն 6 օր անց՝ երեկ, Կառավարության որոշմամբ սահմանվեց ժամանակացույց, ըստ որի առայժմ շուկան թողնում են հիմնականում ազատ՝ դեղատոմսի պահանջ սահմանելով միայն հոգեմետ, հակավիրուսային դեղորայքի և հակաբիոտիկներ համար։

Հաջորդեց քննադատության ալիք. ինչու է 1 շաբաթվա մեջ նախարարությունը 2 տարբեր կարգեր սահմանում՝ շփոթ առաջացնելով քաղաքացիների շրջանում։

«Գիտե՞ք հիմա ինչ է տեղի ունենում․ դեղատոմսի գաղափարի վարկաբեկում: Այն շատ ճիշտ բանը, որը միշտ ասվել է, որ դեղատոմսը պետք է լինի, որովհետև դա ճիշտ է, գրագետ է, բժիշկը պետք է դուրս գրվի․․․ այ այդ գաղափարը մենք հիմա վարկաբեկում ենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, թե տպավորություն է ստեղծվում, որ անգամ նախարարությունում չգիտեին, թե որն է իրենց հստակ նպատակը, քայլերի հաջորդականությունը։

Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանից հետաքրքվեցինք՝ արդյոք հնարավոր չէր ծրագիրը մարտի 1-ից՝ ոչ թե մեկ շաբաթ անց, սկսել փուլային տարբերակով։ - «Իհարկե կարելի էր․ այդ հարցը չունի այլ պատասխան», - արձագանքեց փոխնախարարը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ չեն խոստովանում, որ թերացել են, Սամվել Մարգարյանը պատասխանեց՝ «չգիտեմ ինչ անեմ․․․ ձեռքս ջարդեք՝ խոստովանեմ, ի՞նչ է նշանակում՝ ինչու չեք խոստովանում»:

Առողջապահության մյուս փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, այնուամենայնիվ, նշեց, որ Կառավարությունը պիտի ընդունի իր թերացումը․ - «Ես կարծում եմ, որ մենք պիտի նաև ընդունենք մեր թերությունները: Երևի թե այն տեղեկատվությունը, որը մենք տվել ենք բուժհաստատություններին, բավարար չի եղել: Ինքը պիտի ավելի շատ թիրախավորված լիներ մեր բնակչությանը, որպեսզի նրանք նաև հասկանային, որ որևիցե խնդիր կամ նյարդայնացման առարկա սա չի կարող հանդիսանալ»:

Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ մեկ շաբաթում 2 տարբեր կարգեր ներկայացնելու պատճառն այն է, որ 6 օրում հասցրել են ուսումնասիրել փորձը, նկատել բազմաթիվ խնդիրներ և հետ կանգնել մարտի 1-ից Հայաստանում գրանցված դեղերի ավելի քան 55 տոկոսի պարագայում դեղատոմս սահմանելու պահանջից։

«Չնայած նրան, որ կատարվել էր բավականաչափ մեծ նախապատրաստական աշխատանք, իրազեկման աշխատանք, բայց պրակտիկայում՝ աշխատանքը սկսելու ժամանակ, սկսեցին ի հայտ գալ մի շարք խնդիրներ լրացման հետ կապված, հիվանդների հաճախելիության հետ կապված, դեղատոմսով և ոչ դեղատոմսով դուրս գրվող դեղերի հետ կապված: Համենայնդեպս, այդ խնդիրները մենք մոնիթորինգ ենք անում, վերլուծում ենք և դրա հիման վրա որոշում ենք կայացնում», - մանրամասնեց Սերգեյ Խաչատրյանը:

Միևնույն ժամանակ փոխնախարարը չհերքեց, որ ի սկզբանե նախարարությունը մտադիր է եղել դեղատոմսի պահանջը ներդնել աստիճանաբար՝ փուլային տարբերակով, սակայն տեխնիկական խնդիրներով ուշացել է Կառավարության որոշումը, որը կսահմաներ ժամանակացույցը։ Արդյունքում, ինչպես արձանագրել էր «Ազատության» տեսախցիկը, դեղատների մոտ փետրվարի 28-ին հերթեր էին առաջացել, իսկ թոշակառուները նշել էին, որ դեղերի վրա ստիպված ծախսել են վերջին գումարը։

«Մեր որոշումը միանգամից էր, բայց հենց ամենասկզբից մենք նախապատրաստում էինք Կառավարության որոշում, որտեղ պիտի ժամանակացույց լիներ: Տեխնիկական խնդիրներով Կառավարության այդ որոշումը մի քիչ ուշացավ», - պարզաբանեց Սերգեյ Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG