Հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար, մարտի 1-ից սկսած քաղաքացին պետք է բժշկի դեղատոմս ունենա: Իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով:
Սա դեղերի մասին նոր օրենքի շրջանակներում կատարվող փոփոխություններից մեկն է:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատճառը մեկն է՝ հիվանդների բուժումը պետք է ճիշտ կազմակերպվի, քաղաքացին պետք է պարբերաբար հետազոտվի: - «Յուրաքանչյուր սիմպտոմ, որը վերաբերում է մարդու առողջությանը, պետք է գնալ և դիմել բժշկի։ Դուք չեք կարող գնահատել Ձեր ցավը»։
Քրոնիկ հիվանդներին կտրվի բազմակի օգտագործման դեղատոմս, որով քաղաքացին կարող է պոլիկլինիկայից դեղ գնել 6 անգամ: Նախարարի տեղակալն ասում է՝ կանխատեսումներ ունեն, որ հիվանդների մեծ հոսք կառաջանա պոլիկլինիկաներում: Դա էլ են հաշվարկել, ունեն լուծման տարբերակները, դրանք առաջիկայում կներկայացնեն Ազգային ժողով։
Նախարարի տեղակալն ասում է՝ անգամ գլխացավի ու փորացավի համար մարդը պետք է գնա նախ պոլիկլինիկա, անվճար ստուգվի, հետո նոր բժշկի նշանակած դեղը գնի: Դիտարկմանը, թե մարդիկ դժգոհում են պոլիկլինիկաների բուժօգնության որակից և ստիպված՝ օրինակ 1000 դրամանոց դեղ գնելու համար նախ պետք է գնան հիվանդանոց, վճարեն 10,000 դրամ կոնսուլտացիայի համար։ Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. ֊ «Եթե, օրիակ, իր փորը ցավում է, պետք է բժիշկը ասի՝ որովայնի մեջ սուր ապենդիցիտ է սկսվել, շտապ վիրահատվելու կարիք կա, թե մի շաբաթ կարելի է դիմանալ, անալգին խմել։ Իրենք պոլիկլինիկայում չեն վճարելու»։
Առողջապահության նախարարությունն արդեն հաստատել է դեղատոմսերի ձևը, բժիշկը պարտավոր է այսուհետ լրացնել այդ դեղատոմսի բոլոր կետերը՝ մոռանալով ավանդական թղթի վրա դեղատոմս գրելու ու հիվանդին ուղղորդելու ձևերը: Օրենքը խախտող բժիշկն ու դեղատան աշխատակիցը կտուգանվեն աշխատավարձի հնգապատիկի չափով: Հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանը, ով այս օրենքի նախագծի մշակման ակունքներում է եղել, չհամաձայնեց նախարարի տեղակալի այն խոսքի հետ, թե նոր օրենքով վերահսկողությունն ուժեղացվում է: «Ազատության» հետ զրույցում մասնագետն ասաց՝ ոչինչ չի կարող բժիշկին խանգարել ուղղորդելու, իսկ դեղատան աշխատակցին՝ այլ դեղ խորհուրդ տալու հարցում: Ասաց՝ նախարարությունը նախ պիլոտային ծրագիր պետք է աներ. ֊ «Ամեն մեկի հետևից հո չե՞ս դնի մեկին, որ գնա դեղատուն։ Դեղատան աշխատողն էլ կարող է շահագրգռված լինի՝ վաճառի ամենաթանկ դեղը»։
Նոր օրենքի համաձայն դեղատոմոսւմ այլևս չի գրվելու դեղի անունը, այլ ազդող նյութի անունը: Օրինակ, եթե բժիշկը նշանակում է ասպիրին, ապա պետք դեղատոմսում գրի՝ ացետիլսալիցիլաթթու։ Այդ դեղատոմսը ձեռքին քաղաքացին կգնա դեղատուն, որտեղ դեղատան աշխատակիցը նրան կառաջարկի այդ նույն ազդող նյութով տարբեր արտադրությւոնների ու գների դեղեր, վերջինս էլ ինքնուրույն կորոշի՝ թանկը գնի, միջինը, թե ամենաէժանը:
Ի դեպ՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում կան դեղեր, որոնց բարձր դոզաները վաճառվելու են միայն դեղատոմսով, ցածրն՝ առանց դրա: