Մատչելիության հղումներ

Սեֆիլյան․ Եթե թույլ են տվել, որ ես այստեղ լինեմ, դա չի նշանակում, որ սա դատարան է 


Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում դատարան էին բերվել իրեղեն ապացույցները։

Նախ ուսումնասիրվեցին երկու ինքաձիգներն ու փամփուշտները, որոնցով, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանն ու իր թիմակիցները պետք է զավթեին ռազմավարական նշանակության շենքեր: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը փաթեթն ուշադիր զննեց ու հայտարարեց, որ դրա վրա բացակայում է առգրավման տեղի ու ժամանակի մասին փաստող կնիքը։ Առկա են միայն ոստիկանության Մաշտոցի բաժնի և Փորձագիտական կենտրոնի կնիքները։

«Ինչպե՞ս են այդ ավտոմատները հասել Մաշտոցի բաժին: Միանշանակ է, չէ՞, որ Մաշտոցի բաժնից են դրանք ուղարկվել փորձագիտական հիմնարկ: Հետևաբար, հարգելի դատարան, այդ ինքնաձիգերը պատկանում են Մաշտոցի բաժնին: Ոստիկանությունը երկու չկրակող ինքնաձիգ է գտել․․․ և էս թեման արդեն ավելի է ամբողջանում»:

Իրեղեն ապացույց համարվող փամփուշտների թիվը հաշվելիս նույնպես պաշտպանական կողմը թվային անհամապատասխանություն գտավ։ Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ մեքենայի բեռանխցիկից առգրավված 120 մարտական փամփուշտներից 20-ը օգտագործվել է փորձագիտական նպատակով, այնուհետև փորձագետը նշել է, որ դատարան է ուղարկում բոլոր փամփուշտները: Բայց արդյունքում այսօր դրանք ընդամենը 100-ն են։

«Հիմա ուզում եմ հասկանալ․ դատարանը գործը երբ որ ստացել է, իրեղեն ապացույցները նայել է, նկատե՞լ է, որ 120 փամփուշտ չի եղել», - հարց բարձրացրեց Պապիկյանը: - «Եթե կրակել են այդ ինքնաձիգերից՝ 20 փամփուշտ, հետևաբար ինքնաձիգերը պետք է որ աշխատող լինել, որ կրակել են: Հետևաբար, հարգելի դատարան, որպես ապացույց պետք է այստեղ լինեին 20 կրակված պարկուճները: Պարկուճները չկան: Միանշանակ կարող եմ հայտարարել, որ այդ ինքնաձիգերը, չգիտեմ ումն ա, բայց սարքին վիճակում չեն և չեն կարող կրակել, հրազեն չեն: Որովհետև չունենք ապացույց, հարգելի դատարան»:

Հաջորդը բացեցին մեծ արկղը և միջից հանեցին 2 բրդյա ծածկոց, արհեստական տոնածառի ճյուղեր, նաև մի քանի տեսակի դեղորայք։ Պաշտպանների ուշադրությունը, սակայն, արկղի վրա էր։ Արայիկ Պապիկյանը նկատեց, որ, ըստ մեղադրանքի, արկղն ունեցել է պատռված մաս, որից էլ դուրս է ընկել փամփուշատուփը։ Սակայն դատարան բերված արկղն ամողջական էր ու անվնաս․ - «Արկղի զննությունից նաև պարզեցինք, որ արկղը բավականին լավ վիճակում էր գտնվում, և չկային արկղի այնպիսի վնասվածքներ, այնպիսի անցքեր, որոնցից հնարավոր էր, որ այդ փամփուշտատուփը հնարավոր լիներ, որ այնտեղից ընկներ»:

Այսօրվա դատական նիստում պաշտպաններից ամենակտիվը Տիգրան Հայրապետյանն էր։ Նախագահող դատավորի ուշադրությունը նա հրավիրեց ժանգոտած մետաղյա խողովակների վրա, որոնց միջից հող էր թափվում․ - «Տեսեք, մեջն էլ հող կա․․․ Միանշանակ է, որ սա հարվածային գործիք չէր կարող լինել: Իսկ ինչի՞ համար է առգրավվել, առգրավվել է, որովհետև ինչ-որ բան պետք էր, որպեսզի մեղադրանքի հիմքում դրվեր»:

Իրեղեն ապացույցների թվում կային նաև փայտյա ձողեր, դաշույններ, մահակներ, դանակներ, թրեր, դրոշակներ, բարձրախոս, անգամ շինարարական սաղավարտներ։ Պաշտպան Հայրապետյանին, սակայն, զավեշտալի թվացին իրեղեն ապացույցներից ջեռուցման համակարգերում օգտագործվող պլաստիկ ճկվող խողովակները․ - «Եվս մի վտանգավոր գործիք կյանքի համար և զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար․․․ Ինձ չի թվում, որ Հայաստանի ազգային անվտանգությունն այդքան թույլ է, որ կարող ենք էդպիսի խողովակներով հեղափոխություն անենք»:

Դատավարության մասնակիցները ուսումնասիրեցին նաև «Մերսեդես» մակնիշի այն ավտոմեքենան, որի բեռանխցիկից, ըստ մեղադրանքի, անցած տարվա մայիսին հայտնաբերվել էինք այդ երկու ինքնաձիգները։

Այսքանով դատարանն ավարտեց իրեղեն ապացույցների ուսումնասիրության փուլը։

Վերջում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը խոսքի իրավունք տվեց ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին։ Նա հայտարարեց՝ դատարանն արդեն 24 նիստ է գումարել, այնինչ գործի քննությունը հնարավոր էր ավարտել ավելի վաղ՝ եթե դատավորն անաչառ լիներ։

Սեֆիլյանը նաև նկատեց, որ նախկինում դատավորն իրեն խոսքի իրավունք չի տվել, իսկ այսօր կարողանում է խոսել նստած տեղից:

Ըստ Սեֆիլյանի, սա խոսում է մի բանի մասին՝ իրավիճակ է փոխվել․ - «Ինչ պատվիրված է Ձեզ, Դուք դա եք անում: Ես եթե այսօր չեմ խանգարում դատական նիստերը և ի սկզբանե չեմ խանգարել, և այսպես ասած թույլ են տվել, որ ես այստեղ լինեմ, դա չի նշանակում, որ սա դատարան է»:

Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 1-ին։

XS
SM
MD
LG