Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Պաշտպանական կողմը փորձում էր դատավորին համոզել, որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանը, ով 22 օր է հացադուլի մեջ է, ի վիճակի չէ մասնակցել նիստին և այն պետք է ընդմիջել։
Պողոսյանը դեռ երեք շաբաթ առաջ դատարանում հայտարարեց, որ հացադուլ է սկսում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ներկայացնելով երեք պահանջ՝ թույլատրել դատական նիստերի տեսանկարահանումը, դատարանում իրեն «արա»-ով դիմած մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հեռացնել գործի քննությունից և իրեն ազատել կալանքից։ Դատավորը շարունակաբար մերժում է ամբաստանյալի պահանջները։
Այսօրվա դատական նիստին Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ հացադուլի մեջ գտնվող իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը նրան դատարան ուղարկելուց առաջ բուժզննման չի ենթարկել։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց շտապօգնության բուժանձնակազմ հրավիրել՝ նիստը շարունակելու նպատակահարմարությունը որոշելու համար։
Հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալը, ով որպես բողոքի նշան նաև բուժօգնությունից է հրաժարվում, դատարան հրավիրված բժշկին թույլ չտվեց զննել իրեն: Ավելի ուշ դատավորը հրապարակեց շտապօգնության բժշկի եզրակացությունը, ըստ որի՝ Պողոսյանն իր ոտքով մոտեցել է բժշկին ու հրաժարվել բուժզննությունից, հետևաբար` նա ի վիճակի է մասնակցել նիստին։
Պողոսյանն առարկեց՝ հայտարարելով, որ դա սուտ է, և ինքը բժշկին ասել է, որ իրեն շատ վատ է զգում: - «Ասի՝ այդքանը փոխանցեք դատարան: Իսկ ինքը ձեզ հեքիաթ է պատմել: Էս մարդիկ են թևերիցս բռնած տարել: Պիտի լացե՞մ: Ես չեմ լացի, դա թող մոռանան», - հավելեց նա:
Դատավորն, այդուամենայնիվ, որոշեց շարունակել դատական նիստը։ Պողոսյանի փաստաբան Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ իր պաշտպանյալն իսկապես չի կարող գտնվել նիստերի դահլիճում, ոստիկանները նրան գրկած են դատարան հասցրել։ - «Մինչ նիստը նա պառկած է եղել: Նիստին նրան, չասեմ ուժով, բայց իր կամքին հակառակ են բերել»,- ասաց փաստաբանը:
Տեսնելով, որ դատավոր Տաթևիկ Գորիգորյանը անդրդվելի է, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի «խոշտանգման արարողությանը»։ Ապա նմանատիպ հայտարարություններ արեցին փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը, լքելով նիստերի դահլիճը։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառեց դատական նիստերի դահլիճը լքած փաստաբանների նկատմամբ՝ որոշելով դիմել Փաստաբանների պալատ՝ վերջիններիս կարգապահական վարույթ սկսելու համար:
Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հեռանալուց հետո դատավորը որոշեց հանրային պաշտպան ներգրավել Սեֆիլյանի համար և այդ պատճառաբանությամբ ընդմիջեց դատական նիստը։ Հիշեցնենք՝ դատավորը անցած շաբաթ էր դադարեցրել Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի լիազորությունները, այն բանից հետո, երբ Սեֆիլյանը հայտարարել էր, թե այսուհետ իր բացակայության ժամանակ իր պաշտպանները չեն հեռանա դատարանի դահլիճից:
Ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի:
Հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանն էլ մեղադրվում է 2016թ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ Երևանի հեռուստաաշտարակի և պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ: Պողոսյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։