Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով դատաքննությունն անցավ ապացույցների հետազոտմանը


Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ևս մյուսների գործով այսօրվա դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կրկին նախազգուշացումներ տվեց Սեֆիլյանին և մյուս ամբաստանյալներին՝ հայտարարելով, որ եթե շարունակեն ոտքի չկանգնել եւ անհարգալից վերաբերվել դատարանին, կհեռացվեն նիստերի դահլիճից։

Դատարանն այսօր սկսեց ապացույցների հետազոտության փուլը և թույլատրեց նիստը տեսանկարահանել։

Գործով անցնող 14 վկաներից 13-ն արդեն հարցաքննվել են։ Վերջին վկան գտնվում է Քարվաճառում: Դատավորն ասաց, որ նրան դատարանը կանդրադառնա հետագա դատական նիստերից մեկի ժամանակ:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր ընթերցեց դատարան չներկայացած մյուս վկայի հարցաքննությունը։ Վկան Հայաստանում չէ եւ խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը։ Ըստ այդմ՝ քննիչը հարցեր է ուղղել Սեֆիլյանի առաջնորդած կազմակերպության կողմից անցկացված հանրահավաքների մասին։ Դիտարկմանը, թե Հիմնադիր խորհրդարանի հրատարակած նյութերում «հնչել են բացահայտ անհնազանդության, բռնության կոչեր», վկան արձագանքել է․ - «Այս կոչերը հասկանալ որպես Սահմանադրության և օրենքով նախատեսված անհրաժեշտ պաշտպանության իրականացում»:

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ այդ հարցաքննությունը վկայում է, որ Սեֆիլյանի կազմակերպությունը հետապնդումների է ենթարկվել․ - «Հիմնադիր խորհրդարանը զբաղվել է քաղաքական գործունեությամբ․․․ Եթե Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը հակահայկական էր, այդ դեպքում հենց սկզբից իրավապահ մարմինները փորձեին սահմանափակել այդ գործունեությունը: Սակայն նման բան չի եղել»:

Հայրապետյանը անդրադարձավ Սեֆիլյանի մեղադրականին՝ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը․ - «Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ երեք հարյուր հոգի զինված կարող են ցանկացած ժամանակ հեղափոխություն անել, իսկ գլխավոր դատախազը շարունակում է հանգիստ պաշտոնավարել: Էն պարագայում, երբ որ Սեֆիլյանին մեղադրում են 300 հոգանոց խմբերի, ենթախմբերի հրամանատար լինելու հանգամանքով: Կոչ եմ անում՝ գլխավոր դատախազը թող հրաժարական տա․․․»

Մինչև ապացույցների հետազոտությանն անցնելը փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց մի քանի այլ անձանց որպես վկա դատարան կանչելու մասին՝ նշելով, թե այդ անձինք կհավաստիացնեն, որ Սեֆիլյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող մեղադրանքներին։ Դատավորը որոշեց այս առաջարկը հետագայում քննել։

Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի փաստաբանների առաջարկը՝ հարցաքննված վկաներին կրկին կանչել դատարան։ Փաստաբանները պնդում էին, թե դատական նիստերից տևական ժամանակ հեռացված իրենց պաշտպանյալները հնարավորություն չեն ունեցել վկաներին հարցեր տալ։ Մինչդեռ դատավորը հայտարարեց, թե նրանք հեռացվել են օրենքը չհարգելու պատճառով․ կարող էին հարգալից վերաբերվել դատարանին և, մնալով դահլիճով, հարցեր ուղղել վկաներին։

Այսօրվա դատական նիստին դատավորը թույլատրեց ժամկետից շուտ դատարան բերել ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին։

Նրա փաստաբան Եգորյանն ասաց․ - «Պահանջում եմ, որպեսզի դատարանի նոր դիրքորոշումը հետադարձ կերպով կիրառվի նաև իմ պաշտպանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ՝ բացառելու նրա նկատմամբ խտրական և տարբերակված, դատարանի ընդգծված բացասական վերաբերմունքը»:

Գևորգ Սաֆարյանը նախորդ դատական նիստերից մեկում 4 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Դատարան բերվելուց հետո Սաֆարյանը կրկին նախազգուշական սանկցիա ստացավ՝ ոտքի չկանգնելու համար։

Ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG