Հովհաննես Մինասյանը նշեց, որ քննիչն իրեն գերու կարգավիճակով էր պահում․ հեռախոսը վերցրել էին, և եթե անգամ փաստաբանի օգնության կարիք ունենար, չէր կարող զանգահարել և կանչել։
Վկան հայտարարեց, թե կարծում է, որ Սեֆիլյանը հերոս է և չէր կարող զանգվածային անկարգություններ նախապատրաստել։ Ասաց, որ իր ցուցմունքը ինքն է թելադրել քննիչին, բայց դրանցում առկա որոշակի դրվագների մասին նշեց, թե չի հիշում, թե ինչու է այդպես գրել։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ վկայի այսօրվա և նախաքննական ցուցմունքների մեջ էական հակասություններ կան։ Մասնավորապես, երկու տարի առաջ հարցաքննության ժամանակ վկա Մինասյանը գրել էր, որ որդին ծառայում է սահմանին, և երկրի ներսում լարվածությունը կարող էր վնասել սահմանային իրավիճակին: Քննիչներին նաև ասել էր՝ հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվել էր, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ձգտում է իշխանափոխության, և եթե իշխանությունը կամովին չհեռանա, ապա նրան կստիպեն հեռանալ։
«Նույնը պնդում էր Ժիրայր Սեֆիլյանը: Նորից պնդում եմ, որ իշխանափոխության, իշխանության կամովին չհեռանալու, նրանց ստիպել հեռանալու կոչերը հնչեցնում էին Ժիրայր Սեֆիլյանը և նրա ազատամարտիկ ընկերները», - վկայի նախաքննական ցուցմունքներից մեջբերեց դատախազը:
Դատարանում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վկան ասաց, թե ժամանակ է անցել ու լավ չի հիշում: Նաև հայտարարեց, որ ուզում է փոխել իր ցուցմունքը։
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հայտարարեց, թե վկային քննիչները ճնշել են, և պետք է քրեական գործ հարուցվի։
Դատարանն այսօր շարունակեց ապացույցների հետազոտությունը։ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակների, կազմակերպության ներկայացուցիչներին և աջակիցներին պատկանող տների խուզարկության ժամանակ նախաքննական մարմինը հայտնաբերել է տարատեսակ իրեր՝ «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ պաստառներ, թռուցիկներ, մահակներ, համակարգիչներ, հեռախոսներ, անգամ՝ ջերմաչափ, ներարկիչներ և այլ իրեր։ Սրանք տեղ են գտել մեղադրականում։
Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի փաստաբանները տարակուսեցին, թե ինչ կապ ունեն այս իրերը զանգվածային անկարգությունների նախապատրաստման հետ։
Տիգրան Հայրապետյան․ - «Ցանկությունների համար անձանց քրեական պատասխանատվության չեն ենթարկում: Դեռ մեղադրանքի կողմը ցանկություններից առաջ չի անցել, փորձում է ցանկությունների ոլորտում ցույց տալ, որ Սեֆիլյանի էդ ցանկությունը՝ 100-ամյակն առանց ռեժիմի, ուղղակիորեն զանգվածային անկարգություններ պետք է կատարվեր: Ենթադրենք ինչ-որ հրաշքով մեղադրանքի կողմը սա կարողացավ հիմնավորել, բայց ի՞նչ կոնկրետ գործողություններ է կատարել Ժիրայր Սեֆիլյանը, որ նախապատրաստել է գոյություն չունեցող անկարգությունները: Սրա մասին որևէ ապացույց չհնչեց»:
Պաշտպանական կողմը նաև իր տարակուսանքը հայտնեց, երբ դատախազը ներկայացնում էր Ժիրայր Սեֆիլյանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերված թուղթը, որի վրա զինամթերքի անուններ են գրված: Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սեֆիլյանի փաստաբանը առարկեց, ասաց՝ դա դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործված զինամթերքի ցանկն է։
Դատախազը նաև անդրադարձավ Սեֆիլյանի մեղադրանքի այն հատվածին, որով վերջինս պատրաստվում էր զենքի միջոցով ռազմավարական նշանակության տարբեր կառույցներ գրավել:
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունեության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի։