Մատչելիության հղումներ

Հերթական անգամ տապալվեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը


«Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամների դատաքննությունն այսօր ևս տապալվեց:

Առավոտյան մեկնարկած նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճ էր գալիս կա՛մ ընդմիջում հայտարարելու, կա՛մ սանկցիա կիրառելու ու դրանց վերաբերյալ առարկություններ լսելու:

7 ժամվա ընթացքում դատավորը դահլիճում եղավ առավելագույնը 40 րոպե՝ հասցնելով այդ ընթացքում կիրառել մի քանի տասնյակ սանկցիաներ ամբաստանյալների ու նրանց պաշտպանների նկատմամբ:

Առաջինը դահլիճից հեռացվեց Կարո Եղնուկյանը՝ իր մոտ ջրով լի շիշ ունենալու պատճառաբանությամբ: Դատարանի այդ որոշումն ապօրինի որակելով՝ դահլիճը լքեց նաև փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հայտարարելով․ - «Առարկում եմ նախագահող դատավորի ակնհայտ անօրինական գործողությունների շուրջ: Դուք մանկապարտեզ եք սարքել էստեղ, Դուք դատարան սանկցիա կարող եք կիրառել միայն օրենքով նախատեսված դեպքերում»:

Այնուհետև դատավորը դահլիճից 10 ժամով հեռացրեց նաև Պավել Մանուկյանին: Մանուկյանը հայտարարեց․ - «Ես իմ պաշտպաններին արգելում եմ գտնվել այստեղ իմ բացակայության ընթացքում: Եթե կգտնվեն, կդիմեմ Փաստաբանների պալատին՝ բողոքով: Իսկ հիմա իմ սանկցիան․ եթե դուք իմ հանդեպ սանկցիա եք կիրառում, ուրեմն ես այստեղ դատարան չեմ տեսնում․․․ Հերի՛ք եղավ, զզվցրեք, արա»:

Պավել Մանուկյանի փաստաբանները լքեցին դահլիճը, կրկին ընդմիջում հայտարարվեց, որին հետևեցին նոր սանկցաներ:

Յուրաքանչյուր սանկցիայի համար դատավորն ընդմիջում էր նիստը՝ երբեմն անորոշ ժամանակով, իսկ վերադառնալուց հետո մեղադրյալներին ու փաստաբաններին մեղադրում էր նիստերը տապալելու համար․ - «Պետք է անցնենք առաջ, քանի որ արդեն 6-րդ դատական նիստն ա, մենք որևէ գործողություն չենք կատարել․․․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորից դուք շարունակում եք անհարգալից վերաբերմունք դրսևորել, դատարանը հեռանում է ձեր նկատմամբ դատական սանկցիա կազմելու»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս գործողությունները շարունակեց մինչև աշխատանքային օրվա ավարտը, ապա մեկ շաբաթով հետաձգեց նիստը:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խմբի մյուս 18 անդամները գործը, որը քննում է նույն դատավորը, տեղի կունենա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG