Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի գործով երեք փաստաբաններ հրաժարվեցին զննությունից, նրանց թույլ չտվեցին մասնակցել նիստին


Այսօր «Սասնա ծռեր»-ի անդամներից 18-ի գործով դատական նիստի մեկնարկին փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը կրկին հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակների պարունակությունը՝ նշելով, որ դա հակասում է օրենքին։ Կարգադրիչները նրանց թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ։

Փաստաբաններն արձանագրություն կազմեցին՝ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացնելու համար։

Փաստաբանների պնդմամբ, կարգադրիչներն իրենց ոչ թե զննության են ենթարկում, այլ խուզարկում են։

Նշենք, որ այս դատավարությունով անցնում են «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը:

2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված և այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո իշխանություններին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG