Մատչելիության հղումներ

Դատավորը նախ վերացրեց, ապա կրկին սանկցիա կիրառեց «Սասնա ծռերի» խմբի անդամների նկատմամբ


«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների դատաքննությունն այսօր նույնպես չկայացավ:

Փաստաբանների մի քանի ժամ տևած առարկություններից հետո, դատավորը վերացրեց սանկցիայի որոշումը և թույլատրեց դահլիճ բերել բոլոր ամբաստանյալներին: Մի քանի րոպե անց, սակայն, կրկին հեռացնելու որոշում կայացրեց։ Պատճառը դարձյալ ոտքի չկանգնելն էր։

Ամբաստանյալներից բացի, դատավորը սանկցիա կիրառեց նաև երեք փաստաբանների նկատմամբ, որոնք առավոտյան, ապօրինի որակելով կարգադրիչների գործողությունները, հրաժարվել էին ինչպես իրենք են պնդում՝ խուզարկության ենթարկվել, ինչի պատճառով էլ չէին կարողացել ներկա լինել նիստերին։

Մոտ 6 ժամ տևած այսօրվա նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կա՛մ սանկցիաներ էր կիրառում, կա՛մ վերացնում դրանք, կա՛մ էլ ընդմիջում հայտարարում։

Փաստաբանները հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանյալների չեն մասնակցի դատավարությանը։

Դատավորը, իր հերթին, հայտարարեց, թե դատաքննությունը տապալվում է պաշտպանների պատճառով․ - «Հիմա դուք արհեստականորեն հնարավորություն չեք տալիս, որ մենք հասնենք այդ փուլը»:

Դատավորից բացի, փաստաբաններն այսօր ընդմիջման պատճառով դահլիճ ելումուտ անելիս երբեմն բանավիճում էին նաև իրենց զննող կարգադրիչների հետ։ Վերջիններս Դավիթ Գյուրջյանին չթողեցին անգամ երկու շիշ ջուր ներս տանել՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Հերթական ընդմիջումից վերադառնալուց հետո, դատավորը նույնպես հայտարարեց՝ արգելում է դատարանի դահլիճ ջուր բերել․ - «Դուք պատկերացնում ե՞ք, հիմա ես թույլատրեմ հաջորդ դատական նիստի ընթացքում բոլորդ շշերը ձեռքներդ վերցրած մտնում եք դատական նիստի դահլիճ ու դնում եք սեղանի վրա։ Ի՞նչ ա դառնում․․․ դառնում ա ոչ թե դատական նիստի դահլիճ, այլ դառնում ա ընդմիջման վայր, բուֆետ»:

Այսօրվա նիստը հետաձգելուց առաջ դատավորը կարգադրիչների միջնորդությամբ մինչև քննության ավարտը դահլիճից հեռացրեց նաև երկու ակտիվիստների։

Փաստաբանները դժվարանում են անգամ կանխատեսել, թե երբ ի վերջո կսկսվի բուն դատավարությունը: Սակայն նրանք արդեն մտավախություն ունեն, որ այն տեղի կունենա իրենց բացակայությամբ։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդեց, որ դատարանն ամեն ինչ անում է՝ իրենց վարույթից հեռացնելու ու գործը դատարկ դահլիճում քննելու նպատակով․ - «Բայց, ես կարծում եմ, որ էս արհեստական ձգձգումը, ինչի ականատեսն ենք արդեն մենք մեկ ամսից ավել, ինքը լուծման միտում դեռ չունի»:

Հիշեցնենք, պարեկապահակետային ծառայության գնդի տարածքի գրավման փաստով քրեական գործից 14 և 18 մեղադրյալների մասերով անջատված գործերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է ոստիկանական տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ 3 ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG