Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով նիստը չսկսված ընդմիջվեց


«Սանա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը չսկսված ընդմիջվեց. դատական նիստի մեկնարկին գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստին ներկա չեն գործով մի շարք փաստաբաններ, այդ թվում՝ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Տիգրան Եգորյանը։

Նիստին ներկա փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Տիգրան Հայրապետյանը հայտարարեցին, որ փաստաբանները դատարանում են, սակայն նրանց կրկին «ապօրինի պահանջ է ներկայացվել՝ բացել պայուսակը», և կարգադրիչների պահաջը չկատարելու համար արգելվել է նրանց մուտքը նիստերի դահլիճ։

«Սա արդեն 6-7-րդ դատական նիստն է՝ ամեն անգամ գալիս ենք, որևէ գործողություն չեն կատարում, պաշտպանները չեն գալիս, պաշտպանյալներին բերում ենք, տանում ենք», - հայտարարեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դատավորն ընթերցեց փաստաբանների ներկայացրած արձանագրություններն իրենց «խուզարկության» ենթարկելու մասին և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների վարքագծի նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այս դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել: Խմբի անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG