Մատչելիության հղումներ

Փաստաբանը չկարողացավ մտնել նիստերի դահլիճ, «Սասնա ծռեր»-ի գործով նիստն ընդմիջվեց


Մուշեղ Շուշանյան
Մուշեղ Շուշանյան

Այսօր «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստի մեկնարկին կարգադրիչները թույլ չտվեցին փաստաբան Մուշեղ Շուշանյանին մուտք գործել նիստերի դահլիճ, քանի որ Շուշանյանը հրաժարվեց բացել պայուսակը, կարգադրիչների խոսքով՝ զննության, փաստաբանի պնդմամբ` խուզարկության նպատակով։

«Ինձ պահանջ է ներկայացվել, որպեսզի պայուսակս բացեմ, մեջից հանեմ մետաղական իրերը, ես հրաժարվել եմ այդ անօրինական պահանջից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշանյանը։

Դատավորը 20 րոպե ընդմiջում հայտարարեց, որպեսզի Շուշանյանը կարողանա մասնակցել նիստին։ Փաստաբանը, սակայն, «Ազատության»-ը փոխանցեց, որ չի պատրաստվում կրկին փորձել մտնել նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։ Մյուսները մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ:

Դատավարության փուլ է հասել նրանցից 32-ի գործը, որոնցից 30-ը մեղադրվում են ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով քրեական գործից 14 և 18 մեղադրյալների մասերով անջատված գործերով երկու առանձին դատավարություն է ընթանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG