Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Միջազգային հանրությունը պետք է քայլեր կատարի Ադրբեջանի նկատմամբ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարեց, որ միջազգային հանրությունը գալիս է ըմբռնման, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կատարվեն:

Անցած շաբաթ օրը, ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Հայաստանի արտգործնախարարը ընդգծել էր․ - «Հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք խոսքը Բաքվի նկատմամբ միջազգային պատժամիջոցների սահմանման մասին է և այդ նպատակով ի՞նչ է անում Հայաստանը, Նալբանդյանը պատասխանեց․ - «Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, և անգամ ամենաբարձր մակարդակով՝ նախագահների մակարդակով, որ Ադրբեջանի դեմ ուղղված եռանախագահների հասցեական հայտարարությունների օրինակներ բերելով՝ Էդվարդ Նալբանդյանը հռետորական հարց բարձրացրեց այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Այսինքն, երբ որ այդպիսի հայտարարություններ անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա․․․ նախագահները ասում են՝ խստորեն կդատապարտվի: Ի՞նչ է նշանակում, դա լոկ հայտարարությո՞ւն է․․․ Կարծում եմ՝ ոչ միայն»:

Բերելով Ադրբեջանի դեմ ուղղված եռանախագահների հասցեական հայտարարությունների օրինակներ՝ Էդվարդ Նալբանդյանը հռետորական հարց հնչեցրեց․ - «Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, այլ այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացողության մեջ մնացած բոլոր քայլերը ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ հենց այդ ըմբռնմանն է միջազգային հանրությունը գալիս, որ վերջապես այն երկիրը, որը որ փաստորեն խաղաղության դեմ է, փաստորեն մշտապես սպառնում է ուժ կիրառել, մշտապես սպառնում է ռազմական ուժի օգտագործմամբ լուծել այս հիմնախնդիրը, իհարկե այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կատարվեն»:

Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը երեկ Բաքվում էր, և համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ըստ «Թրենդ» գործակալության, ընդգծել է, թե status quo-ն պետք է փոխվի, քանի որ բոլորը տեղյակ են, թե ինչ հետևանքներ կունենա դրա պահպանումը:

Մամեդյարովը հավելել էր, որ հակամարտության կարգավորման փաստաթուղթը նույնն է և այժմ գտնվում է բանակցությունների սեղանին, որ դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով անցած տարի Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում, իսկ այս տարի ապրիլին Մոսկվայում Լավրովի ու Նալբանդյանի հետ եռակողմ հանդիպմանը նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցեր:

Նալբանդյանն այսօր արձագանքեց․ - «Առաջինը, Մոսկվայում արտգործնախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Եթե որևէ տեքստ քննարկվել է, ապա դա եղել է մամլո հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջև՝ եռանախագահների ներկայությամբ, որը հետո հրապարակվել է նույնությամբ Ռուսաստանի արտգործնախարարության կողմից, Հայաստանի արտգործնախարարության կողմից: Իսկ ադրբեջանական արտգործնախարարությունը հրապարակել է իր վարկածը»:

Հուլիսի 1-ից Էստոնիան է նախագահելու Եվրամիությունում, և այսօր թե՛ Միկսերը, թե՛ Նալբանդյանը հույս հայտնեցին, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ԵՄ - Հայաստան շրջանակային նոր համաձայնագիրը կստորագրվի:

XS
SM
MD
LG