Մինսկի խմբի համանախագահներն այսօր Երևանում հանդիպում են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, այդ թվում՝ սահմանային վերջին միջադեպերը:
«Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշված է նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հասցեական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին այսօր Երևանում ընդունել են նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի արտգործնախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է՝ թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Նախարարի խոսքով՝ «հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:
Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, վաղը նախատեսված է նրանց այցը Ստեփանակերտ, իսկ հունիսի 19-ին՝ Բաքու: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատությանն» ասաց, թե համանախագաների այցը նպաստում է կայունության պահպանմանը, սակայն բեկումնային փոփոխություններ սպասել պետք չէ: «Ակնկալել համապարփակ կարգավորում, հատկապես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության ներքո, անիրատեսական է դեռևս»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան իշխանությունները կոչ են անելու համանախագահներին՝ շարունակել սահամանային միջադեպերի վերաբերյալ հասցեական հայտարարությունները․ «Հատուկ շեշտ ենք դնելու կայունության և խաղաղության պահպանման և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման վրա, հատկապես, որ կա դրա վրա աշխատելու և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական անհրաժեշտություն: Չէ՞ որ իրավական տեսանկյունից և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականին համաձայնություններ են ձեռք բերվել, հետևաբար պետք է իրականանան»:
Համանախագահների այս այցից օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն «մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալներ»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ տարիներ շարունակ խոսվում է ընդհանուր սկզբունքների համաձայնեցման մասին, բայց կարևորագույնը, ըստ փորձագետի՝ հենց դետալներն են, որոնք էլ գործընթացը տանում են փակուղի: «Կարող ենք ենթադրել, թե խոսքը ինչ դետալների մասին է․ կարգավիճակի հարց, տարածքների վերադարձ կամ հանձնում, ինչպես, որ կբնորոշեք: Այսինքն ամբողջ խնդիրն այս դետալներն են, դետալներից դուրս նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ համաձայնության հարց կա: Այստեղ ընդամենը դիվանագիտական հայտարարություններ են, որովհետև բուն խնդիրը դետալների մեջ է, իսկ այս հայտարարությունները տարիներ շարունակ հնչում են»,- ասաց մեկնաբանը: