Մատչելիության հղումներ

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ղարաբաղյան կարգավորման գործում․ Նալբանդյան


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի օրվան նվիրված համերգին:

«Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:

«Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաև անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին, շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը», - շեշտել է արտգործնախարարը:

«Այս տարի մենք նշում ենք երկու հոբելյանական տարեդարձ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ժամանակակից պատմության մեջ», - ասել է Նալբանդյանը:

«Պահպանվում է բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է կայացել մեր երկրների ղեկավարների միջև: Տպավորիչ թիվ է: Չնայած դա բնական է դաշնակից երկրների համար: Բեղմնավոր համակարգում է իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակների վրա: Ունենք սերտ համագործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական բնագավառում: Մեր երկրների միջև գոյություն ունի ամուր իրավա-պայմանագրային հիմք, ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր և համաձայնագրեր», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

«Ռուսաստանը հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր, ռուսական ներդրումները գերազանցել են 3 միլիարդ դոլարը, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություններ: Տնտեսական համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ», - նշել է Նալբանդյանը:

«Այսօր, մեր միասնական ջանքերն ուղղված են նրան, որ հիմնվելով այս ամուր հենքի վրա, շարունակենք մեր ռազմավարական փոխգործակցության նոր՝ հեռանկարային ուղղությունների որոնումները, և այն հարստացնենք նոր բովանդակությամբ: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև այցելել է Երևանում ՌԴ դեսպանատուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG