Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «2018-ին վարչապետ Կարեն Կարապետյանի վերանշանակումը քիչ հավանական է»


Արամ Սարգսյան, Երևան, 26-ը մայիսի, 2017 թ․
Արամ Սարգսյան, Երևան, 26-ը մայիսի, 2017 թ․

Նախկին վարչապետի կարծիքով, ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին հերթին սպասարկում է Ռուսաստանի շահերը:

Նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը քիչ հավանական է համարում, որ 2018-ից հետո Կարեն Կարապետյանը վերանշանակվի վարչապետի պաշտոնում:

Նախկին վարչապետի համոզմամբ, Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո իշխանության վերադասավորման խնդիրները լուծելու համար մեկ տարի ժամանակ ունի և նա այդ ընթացքում կամ իրավահաջորդ կգտնի, կամ, ամենայն հավանականությամբ, հենց ինքն էլ կստանձի վարչապետի պաշտոնը:

«Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետևություն արեցի, որ նա հակված չէ հեռանալ: Եթե ինքը 1 տարի հետո պետք է գնա, 40 տարի հետո իրագործելիք ծրագրերից չէր խոսի: Շատ հնարավոր տարբերակ է, որ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ լինի վարչապետ»,- ասաց նախկին վարչապետը, հավելելով, որ «ռազմավարական գործընկերոջից մեծ կախվածության» պայմաններում, երբ Հայաստանի առանցքային պաշտոնյաներին «այնտեղից են նշանակում», չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանը դառնա պաշտպանության նախարար:

«Նոր Սահմանադրության մեջ պաշտպանության նախարարի մասով էնպիսի կետեր են գրված, որ կարդալիս արդեն գալիս է Սերժ Սարգսյանի պատկերը, և դա հստակ պատվերով է արված: Այսինքն՝ այս իշխանությունները, անկախ այն բանից, թե ով է ղեկավարը, մտածում են իշխանության ղեկին մնալու, ոչ թե երկրում բարեփոխումներ կատարելու մասին»,- ասաց Արամ Սարգսյանը:

Հաջորդ տարի, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամեկտը, խորհրդարանը նոր վարչապետ պետք է ընտրի: Կշարունակի՞ արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարել, այս հարցին միանշանակ պատասխան տալուց իշխող Հանրապետականի ներկայացուցիչները խուսափում են:

Նախօրեին «Ազատության» հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը միայն նշեց՝ չի կարող ասել, թե ինչ կլինի 2018 թվականի ապրիլից հետո։ Սա այն դեպքում, երբ իշխող ուժը, ի դեմս նախագահի, ընդհուպ մինչև 2040-50 թվականներին միտված՝ երկրի զարգացման տեսլական է հրապարակում:

Երեկ գրեթե ողջ նախկին կազմով կառավարության անդամները վերանշանակվեցին իրենց պաշտոններում: Թերևս՝ միակ նորությունը արադարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր, ով մինչ այդ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:

Անդրադառնալով վերանշանակումներին, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նշում է, թե որևէ ակնկալիք չունի այս կառավարությունից․ նույնիսկ եթե նախարարները փոխվեին, դա որևէ փոփոխության չէր բերելու: Արամ Սարգսյանի համոզմամբ, միանշանակ է այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում սպասարկում է Ռուսաստանի շահերը:

Ի սկզբանե՝ 2016 թվականին էլ Սերժ Սարգսյանը նրան վարչապետ նշանակելու ծրագիր չի ունեցել, իշխող Հանրապետականի ղեկավարն այդ պաշտոնում ցանկացել է տեսնել Վիգեն Սարգսյանին, սակայն, Ռուսաստանի պարտադրմամբ վարչապետ է նշանակվել հենց Կարեն Կարապետյանը, պնդում է Արամ Սարգսյանը:

«Գործող վարչապետն ավելի շատ սպասարկում է Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի շահերը: Իմ հայտարարությունը մերկապարանոց չէ․ կան դրա օրինակները: Իր աշխատանքի առաջին իսկ ամիսներին հայտարարվեց, թե պիտի նայվի «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ծրագրի նպատակահարմարությունը:

Երկրում, որը սահմանափակումներ ունի երկու հարևանների հետ շփումների առումով և միայն Իրանն ու Վրաստանը կապող այդ ճանապարհը կարող է մեզ շրջափակումից հանել, նա մտածում է, թե այդ ծրագիրը նայելու խնդիր կա: Պատճառը մեկն է՝ ռուսական իշխանություններն ուզում են այդ ճանապարհն անցկացնել Չինաստանով, Ղազախստանով և շրջանցեն Հայաստանը: Դա Հայաստանը մեկուսացնելու, սեփական գրպանում որպես կցորդ ունենալու գործընթաց է»,- ասաց Արամ Սարգսյանը:

Հանրապետականի գործադիր մարմնի վերջին նիստից հետո կուսակցության խոսնակը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հակասությունների մասին մամուլում շրջանառվող հրապարակումներին, դրանք համարել էր «կեղծ և շինծու», վստահեցնելով՝ Սերժ Սարգսյանը կուսակցության գծով իր առաջին տեղեկալի՝ Կարեն Կարապետայնի հետ որևէ խնդիր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG