Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանի փաստաբանը պնդում է, որ նախաքննությունն անաչառ չի վարվել


Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ:
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ:

«Նոր Հայաստան» շարժման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքի քննության հերթական նիստը Արաբկիր և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հայցվոր կողմի խոսքով։ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդեց, թե վարույթ իրականացնող մարմինը գործել է ոչ-անաչառ և որոշում է կայացրել գործում առկա անընթեռնելի նյութերի հիման վրա։

Փաստաբանի կարծիքով, փաստաթղթերի պատճեններն անորակ են, հետևաբար որոշումը չի կարող օբյեկտիվ լինել․ - «Նախաքննությունը չի անցել լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի: Որովհետև անգամ ձեր տրամադրության տակ եղած գործի նյութերը անընթեռնելի են: Հետևաբար հնարավոր չէ նայել դատարկ թղթին, եզրահանգում անել, որ էդտեղ չկան ապացույցներ, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել»:

Հիշեցենք, որ Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու փորձից հետո արդեն մոտ 1 տարի ամբաստանյալի աթոռին հայտնված Գեւորգ Սաֆարյանը, այժմ որպես հայցվոր բողոքում է 2016 թվականի հունվարի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանների գործողությունների դեմ։

Դատարանի պահանջով Հայրապետյանը սկսեց թվարկել գործի հատորների այն էջերը, որոնց պատճեներն անընթեռնելի են։ Նրան լսեցին, այնուհետեւ դատավորը Արսեն Նիկողոսյանը փոխանցեց, որ վարույթ իրականացնող մարմինն արդեն ընթեռնելի տեսքով ներկայացրել է որոշակի նյութեր, և հավելեց․ - «Էն, ինչ ես չեմ տեսնում, կարծում եմ, նույն կերպ չի տեսնելու, չի էլ տեսել ոչ մեկ՝ եթե չունեք այլ պարզաբանում, և ինչ տեսնում եմ, պիտի տեսնենք բոլորս»:

Հայցվոր կողմը պնդում է, որ նախաքննության փուլում Գևորգ Սաֆարյանի և նրա դեմ ցուցմունք տված ոստիկան Գեղամ Խաչատրյանի միջև առերեսում չի եղել, այնինչ Սաֆարյանը բազմիցս պնդել է, որ ոստիկանը հարվածել է իրեն՝ ընդգծված թշնամանք ունենալով իր նկատմամբ։ Հայցվորը նաև պնդում է, թե անտեսվել է նաև Գլխավոր դատախազին ուղղված՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, վերջինս նշում է՝ համացանցում տարածված նյութներով արձանագրվում է, որ ոստիկանները հունվարի 1-ին Ազատության հրապարակում ծեծի են ենթարկում քաղաքացիներին։

«Խնդրում եմ բացատրություններ տալ, խնդրում եմ բացահայտել այդ հետքերը և պատժել մեղավորներին», - նամակից մեջբերեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Մարդու իրավունքների պաշտպանի այդ գրությունը Գլխավոր դատախազին այս գործում նույնպես չկա»:

Պատասխանող կողմը նշեց, որ ներկայացվել են բոլոր փաստաթղթերը, և որևէ խնդիր չի կարող լինել անընթեռնելի գրառումների հետ կապված․ - «Մեկ ցուցմունքի մի փոքր հատված, դրա բնօրինակի վատ լինելու պատճառով, որոշ չափով անընթեռնելի էր, դրա պատճեն ներկայացրել ենք դատարանին: Իսկ մնացած բոլոր փաստաթղթերը շատ լավ, պարզ, ընթեռնելի փաստաթղթեր են»:

Գևորգ Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստի վրա․ լույս հունվարի 1-ի գիշերը, ըստ նրա, Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպն արձանագրվել է առնվազն 10 տեսախիցկով։ Տարածքի անվտանգությունը հսկող նկարահանող սարքների մասին, Սաֆարյանի խոսքով, ինքը ոչ մեկ անգամ է շեշտել, բայց նախաքննության փուլում դրանք որպես ապացույց ներգարվելը մերժվել է։ Նա հավելեց, որ անտեսվել է նաև միջադեպին ներկա մյուս ոստիկանների կատարած տեսագրությունները հայտնաբերելու իր պահանջը․ - «Առնվազն երեք ոստիկան օպերատորներ տեսանկարահանել են միջադեպը և նշել եմ, որ գործին կցված տեսանյութի մեջ այդ օպերատորները երևում են: Սակայն քննիչև իմ մասնակցությամբ չի կատարել գործողությունը, մասնավորապես, չի բերել կցված տեսանյութը և ասել՝ Գևորգ Սաֆարյան, ցույց տուր էդ օպերատորները տեսանյութի մեջ որտեղ են երևում: Որպեսզի ես ցույց տայի, և քննիչը հայտնաբերեր էդ անձանց, ճշտեր, թե որտեղ են իրենց կողմից կատարված տեսանկարահանումները»:

Փաստերը ճշգրտելու, նաև առկա հավելյալ ապացույցներ ներկայացնելու համար դատարանը որոշեց հետաձգել նիստը մինչև հունվարի 28-ը։

XS
SM
MD
LG