Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանի գործով շարունակում էին վկայություններ տալ ամբաստանյալի հրավիրած վկաները


Տոնածառի գործով առանցքային վկա, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը, ով հայտնի միջադեպի օրը ձեռքում էր պահել կռվախնձոր դարձած արհեստական եղևնին, այսօր դատարանում հայտարարեց, որ ոստիկաններն իր նկատմամբ կոշտ բռնություն են գործադրել՝ փոքրիկ տոնածառը խլելու նպատակով:

«Ոտքով ինձ հարվածեցին, ես ընկա գետնին տոնածառը ձեռքիս: Եվ իրենք վերևից․․․ փոխանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանը ինձ քաշի – բարձրացնի, Հայաստանի Հանրապետության ոստիկանը ընկած կնոջից տոնածառը խլում է, ես այսպես պինդ պահել եմ՝ չի կարողանում, ձեռքերս, մատներս կոտրելով տոնածառը հանում է իմ ափերից», - պատմեց նա:

Սյուզան Սիմոնյանը Ամանորի գիշերվա միջադեպը համեմատում էր Բերձորի դեպքերի հետ, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հարձակման ու բռնությունների էին ենթարկվել ուժայինների կողմից: Նա հիշեցրեց՝ միջադեպից ընդամենը օրեր անց՝ հին Նոր տարուն, նույն ընդդիմադիրները բազմաթիվ տոնածառներով նույն հրապարակ են մուտք գործել, բայց ոստիկանները չեն խոչընդոտել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նկատողություն հայտարարեց վկային՝ Ամանորի գիշերվա ոստիկանական գործողությունը մի քանի անգամ բնորոշելու համար․ - «Ես ընդհատում եմ Ձեզ վիրավորական արտահայտություններ չպետք է անել տվյալ անձանց հասցեին, որովհետև նրանց էլ թույլ չի տրվելու ձեզ բարբարոս կամ այլ անունով կոչել»:

«Շատ լավ, ներեցեք», - ասաց Սիմոնյանն ու շարունակեց․ - «Ուրեմն, բարբարոսների խումբը, եկավ․․․ ներեցեք․․․», - իր իսկ խոսքը ընդհատեց նա:

Ինչպես Սյուզան Սիմոնյանը, այնպես էլ այսօր վկայություն տված ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Ղումաշյանը պնդեցին՝ Գևորգ Սաֆարանը չի հարվածել որևէ ոստիկանի, ճիշտ հակառակը՝ այս գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանն է հարվածներ հասցրել Գևորգին ու հրապարակում տոնը նշող այլ երիտասարդների: Վկան հիշեցրեց, որ այս ոստիկանը հրապարակ գնալուց առաջ Ֆեյսբուքում գրել էր՝ «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում», ասաց՝ նա վաղուց էր թիրախավորել Գևորգին: Գեղամ Խաչատրյանը ժամանակին ցուցմունք է տվել նաև Շանթ Հարությունյանի դեմ:

Ինքը՝ Ղումաշյանը, ևս մեղադրյալի կարգավիճակում է: Ընդդիմադիր ակտիվիստը մեկ ամսից ավելի ճաղերի հետևում մնաց Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով, թեև պնդում է, որ ոչ միայն այդ օրը, այլ երբևէ Սարի թաղում չի եղել:

Իսկ արդեն 11-րդ ամիսը անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանին այս մեղադրանքով սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG