Մատչելիության հղումներ

Սաֆարյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը կեղծել է վկաների ցուցմունքները


Ամանորի գիշերվանից ճաղերի հետևում հայտնված Գևորգ Սաֆարյանն այսօր հայտարարեց, որ նախաքննական մարմինը կեղծել է 3 վկաների ցուցմունքները և նիստին ներկա մեղադրող դատախազին հորդորեց իր խոսքերն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստն ասաց, որ վկաները դատարանում պնդել են, թե իր դեմ ցուցմունք չեն տվել, մինչդեռ նրանց գրավոր ցուցմունքներում հակառակ պատկերն է:

«Անգամ վկան իր կողմից մեկնաբանություն արեց, ասաց՝ ես ո՞նց կարող է այդպիսի բան ասել, եթե էդ մարդկանց դեմքը չեմ տեսել», - հիշեցրեց Սաֆարյանը:

Մեղադրող դատախազը հրաժարվեց հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում՝ Գևորգ Սաֆարյանին հիշեցնելով սուտ մատնության հոդվածը․ - «Պատշաճ կարգով սուտ մատնություն կատարելու համար նախազգուշացվելուց հետո կխնդրեի կոնկրետ վկայակոչի, թե ով ինչ արարք է կատարել»:

Ի պատասխան՝ Սաֆարյանը հայտարարեց․ - «Այս ամենը ցույց է տալիս, որ այս քրեական գործը որևիցե կապ չունի իրավաբանության հետ: Սա քաղաքական հետապնդում է»:

Այսօր հերթական անգամ ոստիկանները չէին կարողացել բերման ենթարկել Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատակցին, ով գործով անցնում է որպես վկա: Կողմերը պայմանավորվեցին անցնել արդեն մեղադրյալի առաջարկած վկանների հարցաքննությանը: Ամանորի գիշերը նոր տարին նշած 13 վկաներից 6-ն այժմ անազատության մեջ են, այդ թվում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Սերգեյ Կյուրեղյանը, նրանց աջակցելու մեջ մեղադրվող միջադեպի օրը Ձմեռ պապ դարձած Կարո Եղնուկյանը, տոնածառի հանդերձանքով հրապարակ եկած Հովհաննես Ղազարյանը․ նա էլ կալանավորված է Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի կարծիքով, այս վկայությունները ջրի երես են հանելու նոր փաստեր, փոխելու գործի ընթացքը․ - «Նրանք նախաքննության ընթացքում էլ են ցուցմունքներ տվել, զարմանալի է, որ դատախազը այս ցուցմունքները չէր ներառել, նշելով, որ քանի որ նրանք Գևորգ Սաֆարյանի համախոհներն են, ապա նրանց ցուցմունքները նպատակ են հետապնդում պաշտպանելու Գևորգ Սաֆարյանին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ մյուս կողմից ոստիկանները ոչ թե համախոհներ են, այլ ենթականեր են Գեղամ Խաչատրյանի: Ոստիկան-ենթակա լինելը շատ ավելի խիստ և կախվածության մեջ գտնվող բան է»:

Ի դեպ, նախորդ նիստին Հայաստանի դրոշը պարզելու համար դահլիճից հեռացված կնոջը կարգադրիչներն այս անգամ թույլ չտվեցին անգամ դատարանի շենք մուտք գործել: Նա նորից եկել էր եռագույնը ձեռքին:

«Ես սիրում եմ իմ երկիրը, իմ երկրի խորհրդանիշներից մեկն էլ սա է, որևէ մեկը իրավունք չունի խոչընդոտելու իմ իրավունքը», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց կինը՝ շարունակելով․ - «Այո՛, ես ուզում եմ աջակցել [Գևորգ Սաֆարյանին]: Ի՞նչ է նշանակում՝ մարդը մի տոնածառ տնկելու համար 10 ամսից ավելի է՝ նստած է: Որպես ի՞նչ, ինչի՞ համար: Անգամ ամոթ է, որ Եվրադատարաններում այսպիսի չնչին հարցեր հասնեն: Ո՞ր երկրում նման բան կա: Սա մեզ միայն տանում է բռնապետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG