Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը միջադեպով մեկնարկեց


Դատավորը ընդհատեց նիստը՝ տեսնելով դահլիճում պարզված Հայաստանի դրոշը, ապա ցուցում տվեց կարգադրիչներին եռագույնը ձեռքին կնոջը դուրս բերել դահլիճից:

Դատական կարգադրիչները կնոջն այլևս թույլ չտվեցին դահլիճ վերադառնալ: Բազմաթիվ ընդդիմադիր գործիչների դատած Մնացական Մարտիրոսյանին նա խորհրդանշական 30 արծաթ էր բերել, ինչպես ինքն ասաց՝ դատարանի համար․ - «Դատարանը ծախված ա Բաղրամյան 26-ին․․․ Ի՞նչ ա արել էս տղեն․․․ Մինչև Բաղրամյան 26-ը չի ասում ազատի, չեն ազատում»:

Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը ոստիկանին հարվածելու մեջ: Դատարանն այսօր ավելի քանի երկու ժամ հարցաքննեց Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի աշխատակից Արտյոմ Քոչարյանին: Վկան գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր, որ չի հիշում՝ բացառությամբ մի դրվագի, երբ տեսել է, որ սպիտակ տաբատով ու կապույտ վերնազգեստով 30-40 տարեկան մի երիտասարդ հարվածում է ոստիկանին:

Այս հայտարարությունը հարուցեց արդեն 10 ամիս ճաղերի հետևում գտնվող Գևորգ Սաֆարյանի զայրույթը: Հենց նա էր այդ օրը եղել սպիտակ տաբատով ու կապույտ վերնազգեստով․ - «Ոստիկանը, ում որ ենթադրաբար ինչ-որ մեկը խփել է, շեշտակի հարված ա հասցրել էդ տղային դեմքին, որը Ձեր անկյունից շատ լավ երևում էր: Եվ տվյալ ոստիկանը դատարանի դահլիճում ասում էր, որ, այո՛, շեշտակի հարվածը հասցրել եմ տվյալ անձի դեմքին: Հիմա ո՞նց կբացատրեք, որ Դուք էդ հարվածը չեք տեսել, բայց էդ խառնաշփոթ վիճակում ոստիկանին հասցված հարվածը տեսել եք»:

«Չեմ կարող ասել», - արձագանքեց Ատյոմ Քոչարյանը:

Հարցաքննության ավարտին վկան հայտարարեց, թե վերջերս գլխին հարված է ստացել ու հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի համոզմամբ՝ նա ակնհայտ ուղղորդված ցուցմունքներ է տալիս, իսկ եթե իրոք առողջական խնդիրներ ունի, ապա ասածն արժանահավատ չէ․ - «Վկան չգիտեր ինչ ասի, որովհետև նա ասում է՝ հայհոյանքի, կռվի ձայներ եմ լսել, բայց բարձրանում է վերև՝ կռիվ չկա: Կռիվը սկսվել է մոտ մի րոպե հետ իր բարձրալուց: Ակնհայտ է, որ այս վկաները ուղղորդված ցուցմունք են տվել»:

Ի դեպ այս գործով որպես վկա անցնում են նաև այժմ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի մի շարք անդամներ, ինչպես նաև տոնածառի հանդերձանքով Ազատության հրապարակ մտած Հովհաննես Ղազարյանը, Ձմեռ պապ դարձած Կարո Եղնուկյանը և իրավապահների կողմից հետախուզվող Գարեգին Չուգասզյանը:

«Թույլ չեն տա, որ հրապարակային քաղաքական կոչերով հանդես գան, և թույլ չեն տա, որ տեսակցություն լինի: Բայց դատարանի որոշումը պետք է կատարվի, պետք է ապահովեն իրենց ներկայությունն այստեղ», - նշեց փաստաբանը:

Դատական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG