Մատչելիության հղումներ

Դատարանն անփոփոխ թողեց Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը


Դատարանն այսօր քննության ընթացքում արդեն երրորդ անգամ անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքի որոշումը:

Ավելի քան տասը ամիս ազատազրկված ակտիվիստի փաստաբանը մինչդեռ ծավալուն ելույթում հայտարարեց, որ Սաֆարյանին կալանքի տակ պահելու՝ նախկինում մատնանշվող հիմքերը վերացել են: Տիգրան Հայրապետյանը նախ նշեց, որ ազատության մեջ գտնվելով Սաֆարյանն այլևս չի կարող ճնշում գործադրել գործով անցնող վկա ոստիկանների վրա, քանի որ նրանք արդեն հարցաքննվել են: Հայրապետյանն ընդգծեց նաև, որ կես տարի շարունակվող դատավարության ընթացքում Սաֆարյանի մեղքը չի ապացուցվել, իսկ ոստիկանները տվել են իրարամերժ ցուցմունքներ: Փաստաբանը նաև հայտարարեց, որ կալանավայրում ակտիվիստն առողջական խնդիրներ ունի, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստանում:

«Իմ պաշտպանյալի առողջական վիճակը էլ ավելի է վատթարացել: Այժմ արդեն անհրաժեշտություն է առաջացել հիվանդանոցային լուրջ հետազոտության», - պնդեց նա:

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Սաֆարյանն էլ նշեց, որ իր ազատության իրավունքը դատարանի համար պետք է գերակա լինի մյուս իրավունքներից:

«Ազատության իրավունքը որոշ դեպքերում անգամ առավել է կյանքի իրավունքից, և ազատությունը սահմանափակել ընդամենը քննիչի ցանկությամբ կամ ընդամենը դատախազի ցանկությամբ, ես համարում եմ, որ ճիշտ չէ», - հայտարարեց նա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պաշտպանական կողմին մոտ 50 րոպե լսելուց հետո մերժեց միջնորդությունը:

Նիստը շարունակվեց, հարցաքննության կանչվեց ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղիի աշխատակիցը: Վկան գրեթե ոչինչ չէր տեսել, սակայն ասաց, որ հիշում է՝ վիճաբանությանն ավելի մոտ գտնվող գործընկերները այդ օրն իրեն պատմել են, թե ոստիկանին հարվածողը եղել է սպիտակ տաբատով ու կապույտ բաճկոնով: Գևորգ Սաֆարյանն, ի դեպ, այդ օրը, նույն գույնի հագուստ է կրել:

Նիստի ընթացքը Սաֆարյանի համակիրների մոտ պարբերաբար զայրույթ էր առաջացնում: Դատախազի խոսքն ընդհատած Հարություն Աղլամազյանին դատավորը անգամ հեռացրեց դահլիճից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG