Մատչելիության հղումներ

Կառավարությունը ժողովրդագրական իրավիճակը բարելավելու ծրագիր է մշակել


Սոցիալապես անապահով ընտանիքում մեծացող երեխա, արխիվ
Սոցիալապես անապահով ընտանիքում մեծացող երեխա, արխիվ

Կառավարությունը եռամյա ծրագիր է մշակել ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով, որը նախատեսում է նպաստել ծնելիության աճին, կարիքավորներին ապահովել բնակարանով:

Նախագիծը փաստում է՝ միայն անցած տարի Հայաստանում բնակչությունը 12 հազարով նվազել է, նույն փաստաթղթի համաձայն՝ վերջին 15 տարիներին ծնելիությունը կրկնակի անկում է արձանագրել՝ տարեկան մոտ 80 հազարից հասնելով 40 հազարի։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահ է՝ եթե քայլեր չձեռնարկվեն, բացասական միտումները կշարունակվեն:

«Պետք է ասեմ, որ սրանք հեռահար, յուրաքանչյուր գործչի, յուրաքանչյուր իրականացնողի համար «անշնորհակալ» ծրագրեր են՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքները տարիների մեջ նոր կարելի է գնահատել»,- ասաց նախարարը։

Առողջապահության նախարարը ընդունում է՝ ժողովրդագրական ոչ բարենպաստ այս վիճակի հիմքում սոցիալ-տնտեսական խնդիրներն են. երիտասարդ ընտանիքը երեխա չի ունենում, որովհետև կամ աշխատանք չունի, կամ էլ ցածր է վարձատրվում, ընտանիքը չի ընդլայնվում կենցաղային վատ պայմանների կամ բնակարանի բացակայության պատճառով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, նախագծով փորձ է արվում լուծումներ առաջարկել խնդրահարույց այս հարցերի համար.- «Իհարկե, կան առաջարկություններ, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխիքների տրամադրմանը՝ շաղկապելով դա ընտանիքների ձևավորման և երեխաներ ունենալու հետ։ Մի բան պիտի հիմք ընդունենք, որ կան որոշակի կառուցակարգեր, մասնավորապես, եթե խոսում ենք հիփոթեքային վարկավորման մասին, որոնք անհրաժեշտ պայմաններ ունեն՝ կանխավճար և այլն։ Բայց առաջարկվում է այս խնդիրների լուծումները ապահովել պետական երաշխիքների միջոցով»։

«Բյուջեի հնարավորությունները միշտ սահմանափակ են, բայց կարևորելով խնդիրը՝ ծրագրով նաև նախատեսված է առանձին հիմնադրամի ստեղծում»,- հավելեց Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետական բյուջեի միջոցները ծրագրի իրականացման հնարավորություն տալի՞ս են։

Իշխանության ներկայացուցիչները այսօր պնդեցին՝ ժողովրդագրության բարելավումը ռազմավարական հարց է, վստահ են՝ կառավարությունը ֆինանսավորման աղբյուրներ կգտնի: Մինչդեռ ամիսներ առաջ՝ այս տարվա բյուջեն հաստատելիս, նույն պաշտոնյաները չէին հերքում, որ «դժվար կյանք» է սպասվում, թոշակներն ու աշխատավարձները բարձրացնելու կոչերին էլ պատասխանում էին՝ բյուջեում գումար չկա:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը պնդեց՝ անգամ սոցիալ-տնտեսական վատ պայմանների դեպքում հնարավոր է ժողովրդագրական աճ ապահովել:

«Ձեր պապերը, ձեր ծնողները շատ ավելի վատ պայմաններում են ապրել և ավելի շատ երեխաներ են ունեցել։ Ասել, որ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, երեխաներ չենք ունենում, անհասկանալի է։ Մարդկանց էգոիզմն է շատացել»,- ասաց պատգամավորը։

Մինչդեռ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը պնդում է՝ հիմնականում հենց ֆինանսական վատ պայմաններն են խնդիրների ետևում, ավելին՝ ծրագրի հաջողությունը կախված է նրանից, թե այն ինչ ֆինանսական աջակցություն կստանա կառավարության կողմից: Կարևորելով նախագծում ներառված մի շարք դրույթներ՝ մասնագետը ընդգծում է՝ ժամանակակից աշխարհում 15 հոգով սեղան նստելու գաղափարը իրատեսական չէ, արդեն իսկ ձեռքբերում կլինի, եթե երիտասարդ ընտանիքում երեխա ունենալը ռիսկ չդիտարկվի։

«Փոխվել է իրավիճակը։ Մենք չենք կարող 15 երեխա ունենալ և ասել՝ էգոիստ չենք, դրա համար ենք ունենում։ Եթե կան մարդիկ, որ ուզում են 15 երեխա ունենալ, թող ունենան, բայց մենք պետք է ստեղծենք իրավիճակ, որպեսզի այդ երեխաները ծնվեն առողջ, ընտանիքները լինեն լիարժեք և կարողանան ապագա ունենալ»,- ասաց Հայրապետյանը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը թերահավատ է, թե ծրագիրը շատ բան կփոխի, փաստում է՝ գեղեցիկ շարադրված բարի նպատակները շատ հաճախ պարզապես մնում են թղթի վրա: Հինգ երեխաների հայրը բազմաթիվ բողոքներ է ստացել, թե առանց ծանոթ-բարեկամի անհնար է ներգրավվել սոցիալական և առողջապահական ծրագրերում:

«Դիմում ես ծրագրերին, ասում են՝ այս կամ այն պատճառով չի կարող ներգրավվել, կամ հերթ են կանգնեցնում երեք տարի, պարզվում է՝ ուրիշ մարդիկ են ներգրավվել, այդ մարդու հերթը այդպես էլ չի հասնում։ Սիրուն գրված թուղթը չի նշանակում, որ վաղը հարցը լուծվելու է։ Այն, ինչ կապված է ընտանիքի ձևավորման, երեխաների, ծնելիության հետ, որևէ ձև պետք է կապ չունենա ո՛չ ծանոթի, ո՛չ բարեկամի հետ»,- ասաց պատգամավորը։

Պողոսյանը չի գտել ոչ «Ժառանգության», ոչ էլ «Օրինաց երկրի» առաջարկները կառավարության այս նախագծում, սակայն իշխանությունը խոստացել է խորհրդարանական լսումների ընթացքում նաև դրանք ներառել: Թևան Պողոսյանի համար կասկածելի են նաև նախագծում ներկայացված ժամկետները, հատկապես որ այսօրվա քննարկմանը ներկա նախարարներն էլ էին ընդունում, որ երեք տարին բավարար չէ էական արդյունքների հասնելու և խոստացածը իրականություն դարձնելու համար:

XS
SM
MD
LG