Մատչելիության հղումներ

Պետպատվերով բուժօգնությունը «չի ներառում բոլորին»


«Ազատության» հարցումներն ու ստացած ահազանգերը փաստում են, որ նույնիսկ հաշմանդամության կարգ ունեցողները երբեմն ստիպված են վճարել պետպատվերով բուժման համար:

Թեպետ կառավարությունը վերջին երկու տարիներին Առողջապահության նախարարությանը ավելի քան 80 մլրդ դրամ է հատկացրել, և նախարարությունը պնդում է, որ պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկն ամեն տարի ընդլայնվում է, «Ազատության» հարցումներն ու ստացած ահազանգերը փաստում են, որ նույնիսկ հաշմանդամության կարգ ունեցողները երբեմն ստիպված են վճարել պետպատվերով բուժման համար:

«Ասում են՝ վճարովի չի: Բայց գնում ենք, պառկում ենք, նորից վճարում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց 71-ամյա հաշմանդամ մի կին:

Հաաստանում, ուր ըստ պաշտոնական վիճակագրության, յուրաքանչյուր երրորդն աղքատ է, պետպատվերի սղությունը առավել ակնհայտ դարձավ շաբաթներ առաջ, երբ խոզի գրիպի բռնկումից մոտ 20 օր անց Առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե անվճար բուժումն ավարտվել է, և հոսպիտալացված հարյուրավոր հիվանդներն այլևս պարտավոր են վճարել:

Հիվանդանոցից «Ազատություն» զանգահարած 22-ամյա Թամարա Խաչատրյանը պնդում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն երկընտրանքի առջև էին կանգնեցրել՝ կա՛մ վճարել 300 հազար, կա՛մ տուն գնալ՝ բուժումն անավարտ թողած:

«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, թե բժիշկն ու հիվանդն իրար լավ չեն հասկացել․ - «Անկախ նրանից, թե իրեն ինչ է ասվում, ով է ասում կամ ինքը այդ ասվածը ինչ ձև ա ընկալում, միանշանակ՝ եթե հիվանդը ունի կարիք հիվանդանոցային բուժման, դա բացառվում ա, որ հիվանդին դուրս գրեն, ասեն՝ գնա տուն, կամ՝ եթե մնում ես, մենք բուժում չենք անում»:

Օրական հազարավոր հիվանդների սպասարկող հիվանդանոցի փոխտնօրենը ևս փաստում է՝ իրենց դիմողների մեծ մասը վճարունակ չէ, եղել են դեպքեր, երբ ստիպված անգամ դատարան են դիմել:

Սոցիալական ցանցերում գրեթե ամեն օր կարիքավորներին բուժելու համար դրամահավաք են կազմակերպում: Շաբաթներ առաջ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարարության պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանից օգտատերերը հետարքրքվել էին, թե ինչ կարող են նման մարդիկ ակնկալել պետությունից:

«Շատ ցանկալի կլիներ, որ ամբողջ ծավալով լիներ պետական հոգածություն: Մենք ընդլայնել ենք բավականին այն սոցիալական շահառուների թիվը, ովքեր պետական պատվերով բժշկական օգնություն են ստանում, բայց, իհարկե, այն չի ներառում բոլորին», - ասաց Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG